Մերժվել է քրեական գործի հարուցումը

ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Անուշավան Նիկողոսյանից 2012թ. ապրիլի 8-ին ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը Տաշիրի քաղաքապետը խոչընդոտել է գովազդային պաստառները տեղադրելուն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Նիկողոսյանը նշել է, որ «ԷԳԱ» ՍՊ ընկերության հետ կնքվել է պայմանագիր` վերջինիս պատկանող` Ստեփանավան և Տաշիր քաղաքներում գտնվող գովազդային վահանակներին իր նախընտրական գովազդային պաստառներ տեղադրելու վերաբերյալ:

Ապրիլի 8-ին հիշյալ ՍՊԸ աշխատակիցներ Կ. Գոգյանը և Ա. Մանուկյանը` համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, մեկնել են Տաշիր: Պատգամավորության թեկնածուն հայտնել է, որ ժամը 18:00-ի սահմաններում իրեն է զանգահարել Կ. Գոգյանը` ասելով, որ Տաշիրում` պաստառը տեղադրելու ընթացքում, մի քանի անձանց ուղեկցությամբ իրենց է մոտեցել Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը և հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներով արգելել տեղադրել գովազդային պաստառներն ու ստիպել է հանել դրանք:

Կ. Գոգյանը և Ա. Մանուկյանը հերքել են Նշան Սողոյանի կողմից սպառնալու և քաղաքից հեռանալու պահանջ դնելու մասին Անուշավան Նիկողոսյանի ներկայացրած հանգամանքը: Նրանք հայտնել են նաեւ, որ Տաշիրի քաղաքապետը պահանջել է ներկայացնել գովազդը տեղադրելու թույլտվությունը և դրա հիմքերի վերաբերյալ փաստաթղթեր: Տեղեկանալով, որ դրանք բացակայում են, առաջարկել է դադարեցնել աշխատանքները և դրանք շարունակել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Սողոյանի կամ մեկ այլ անձի կողմից Անուշավան Նիկողոսյանի նախընտրական քարոզչական պաստառը փակցնելու, նրա ընտրական իրավունքի իրականացմանը դիտավորությամբ ապօրինաբար խոչընդոտելու, ինչպես նաև Ա. Մանուկյանին և Կ. Գոգյանին սպառնալու վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել, այլ հիմնավորվել է, որ Տաշիրի քաղաքապետը, իրականացնելով իր պաշտոնական լիազորությունները, փորձել է պարզել գովազդային պաստառը փակցնելու հիմնավորվածությունը, դրա առնչությամբ որևէ մեկին սպառնալիքներ չի տվել և ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված արարք չի կատարել:

2012թ. ապրիլի 14-ին քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Մեկնաբանել