Կաննի 65-րդ կինոփառատոնը կեզրափակվի ապրիլի 4-ին վախճանված հանրահայտ ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Միլերի վերջին ֆիլմով: Այս մասին տեղեկացրել է կինոֆորումի կազմկոմիտեն:
Ֆրանսուա Մորիակի համանուն վեպի էկրանիզացիան`«Թերեզա Դեսկեյրու» ֆիլմը, մայիսի 27-ին կեզրափակի կինոփառատոնի մրցութային ծրագիրը:
«Սույնով Կաննի կինոփառատոնը ռեժիսորի ընտանիքի, ընկերների, պրոդյուսերների հետ միասին հարգանքի տուրք կմատուցի Կլոդ Միլերի հիշատակին», – ասված է կազմկոմիտեի հայտարարության մեջ:
Նշենք, որ Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրի (դրա մեջ մտնում են ավելի քան 20 ֆիլմեր) բոլոր մասնակիցները կհայտարարվեն ապրիլի 19-ին Փարիզում կայանալիք հատուկ կոնֆերանսի ժամանակ: Արդեն հայտնի է, որ մրցույթը կբացվի ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Ծագող լուսնի թագավորությունը» ֆիլմով:
Կաննի 65-րդ կինոփառատոնը տեղի կունենա 2012թ. մայիսի 16-27-ը: