Ռուսաստանի ամենահարուստ գործարարները՝ ըստ Forbes-ի

Forbes-ի համաշխարհային վարկանիշում Ուսմանովը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը։ Անցած տարի Forbes Russia-ն նրա կարողությունը գնահատել էր $17,7 մլրդ։ Վերջին շրջանում գործարարն ակտիվորեն ընդլայնել է իր մեդիաակտիվները՝ մասնաբաժիններ ձեռք բերելով «Վկոնտակտե», Facebook և Twitter սոցցանցերում։ Համեմատության համար նշենք, որ ռուսական РБК գործարար ամսագիրը Ուսմանովի կապիտալն ավելի թանկ է գնահատում՝ $19,7 մլրդ։ Ամսագիրը նրան շնորհել էր «Ռուսաստանի և ԱՊՀ-ի միլիարդատերեր-2012» վարկանիշի երկրորդ հորիզանականը։

2012թ. Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշի նախկին առաջատար, «Նովոլիպեցկի մետալուրգիական գործարան»-ի սեփականատեր Վլադիմիր Լիսինը $15,9 մլրդ կապիտալով այս տարի հայտնվել է երկրորդ հորիզոնականում։ Անցած տարի նրա կարողությունը գնահատվում էր $24 մլրդ։

Երրորդ ամենահարուստ ռուսաստանցի է ճանաչվել «Սեվերստալ»-ի ղեկավար Ալեքսանդր Մորդաշովը՝ $15,3 մլրդ կարողությամբ (2011թ.՝ $15,8 մլրդ)։ Ռուսաստանցի միլիարդատերերի լավագույն հնգյակը եզրափակում են «Ինտեռռոս»-ի սեփականատեր և հայտնի բարերար Վլադիմիր Պոտանինը ($14,5 մլրդ՝ 2011թ. $17,8 մլրդ-ի համեմատ) և «Լուկօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեկպերովը ($13,5 մլրդ՝ 2011թ. $13,9 մլրդ-ի համեմատ)։

«Ալֆա գրուպ»-ի սեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը $13,4 մլրդ կապիտալով (2011թ.՝ $15,1 մլրդ) հայտնվել է վարկանիշի 6-րդ հորիզոնականում։ Նրան հաջորդում և լավագույն տասնյակը եզրափակում են «Օնէկսիմ» ընկերությունների խմբի ղեկավար Միխայիլ Պրոխորովը՝ $13,2 մլրդ (2011թ․՝ $18 մլրդ), «Ռենովո»-ի սեփականատեր Վիկտոր Վեքսելբերգը՝ $12,4 մլրդ (2011թ.՝ $13 մլրդ), Millhouse Capital հոլդինգի և «Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը՝ $12,1 մլրդ (2011թ.՝ $13,4 մլրդ), «Նովատէկ»-ի և «Սիբուր»-ի տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Միխելսոնը՝ $11,9 մլրդ (2011թ.՝ $9,1 մլրդ)։

Ի դեպ՝ վարկանիշում հայտնվել են նաև Պետդումայի ութ սենատոր, ինը պատգամավոր, շրջանային երկու առաջնորդ։ 200 ամենահարուստ ռուսասատանցիների վարկանիշի միակ կին ներկայացուցիչը շարունակում է մնալ «Ինտեկո»-ի ղեկավար Ելենա Բատուրինան՝ $1,1 մլրդ։

Հատկանշական է, որ մեկ տարում Ռուսաստանի դոլարային միլիարդատերերի թիվը կրճատվել է 5-ով։ Ներկայում նրանց թիվը 96 է։ 2012թ. 200 ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը, ընդհանուր առմամբ, կազմել է $446,3 մլրդ։ 2011թ. համապատասխան ցուցանիշը $498,6 մլրդ է եղել, ինչը նշանակում է, որ մեկ տարում Ռուսաստանի մեծահարուստներն աղքատացել են $52 մլրդ-ով։

Ռուսաստանաբնակ ամենահարուստ հայերը

Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշում Forbes-ը ներառել է ռուսաստանաբնակ 5 հայ գործարարի: Այսպես՝ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության սեփականատեր և գլխավոր գործադիր տնօրեն հայազգի Դանիլ Խաչատուրովը վարկանիշի 45-րդ տեղում է՝ $2 մլրդ կարողությամբ։ 2011-ի համեմատ նրա կարողությունն աճել է $500 մլն-ով:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ցուցակում 63-րդն է՝ $1,6 մլրդ կապիտալով։ Մեկ տարվա ընթացքում նրա կարողությունն աճել է $200 մլն-ով:

Ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակի 82-րդ և 83-րդ հորիզանականներում են հայտնվել «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական խմբի սեփականատեր եղբայրներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները՝ $1,2-միլիարդական կապիտալով։ Անցած տարի նրանց կարողությունը հավասարապես կազմել է $1,5 մլրդ։

«Տրոյկա-Դիալոգ» ընկերության խորհրդի տնօրեն Ռուբեն Վարդանյանը ցուցակում 180-րդն է։ Forbes-ը գործարարի կարողությունը գնահատել է $500 մլն։ 2011-ի համեմատ նրա կարողությունը մնացել է անփոփոխ։

Վարկանիշի մեթոդաբանությունը

Վարկանիշի հեղինակները գործարարների կարողությունը գնահատելիս հիմք են ընդունել նրանց պատկանող ակտիվների արժեքը, որոնք հաշված են շուկայական կապիտալիզացիայով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործարարները սովորաբար ձեռնարկությունների մի մասը գրանցում են ընտանիքի անդամների անունով, Forbes-ը հաշվել է գործարարների ընտանիքի բոլոր անդամներին պատկանող ակտիվները։ Նշենք, որ վարկանիշում ներառված են ՌԴ այն քաղաքացիները միայն, որոնք իրենց կապիտալը կուտակել են մասնավոր ճանապարհով։

Մեկնաբանել