Ոսկերչական դպրոց` Երեւանում

Երևանի համար 1 քոլեջում ապրիլի 20-ին կբացվի Հայ ոսկերիչների միության (AJA) ոսկերչական դպրոց: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը, դպրոցը գործելու է «Նյուէսթետ» ոսկերչական գործարանում, որտեղ անցկացվելու են հիմնական դասընթացները, և համար 1 քոլեջում` տեսական պարապմունքներով: Ուսուցումը դպրոցում անվճար կլինի և կհովանավորվի հայ ոսկերիչների միության կողմից:

Հայ ոսկերիչների միությունն ամենահաջողված հայ հասարակական կազմակերպություններից է, որին անդամակցում են հայազգի բազմաթիվ ոսկերիչներ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից: Կազմակերպության անդամ է մոտ երեք հազար ոսկերիչ` Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Թաիլանդում, Ճապոնիայում եւ այլ երկրներում:

Կազմակերպությունը մտադիր է առաջիկայում Հայաստանում իրականացնել իր կարևորագույն ծրագրերից մեկը` Ազատ տնտեսական գոտու շրջանակներում ստեղծել ոսկերչական գոտի, որտեղ կաշխատեն հայտնի ոսկերչական ընկերություներ աշխարհի տարբեր երկրներից: AJA ոսկերչական դպրոցները Հայաստանում և Արցախում նույնպես բացվել են այս ծրագրի շրջանակներում:
Միության առաջին դպրոցը բացվել է Մոսկվայում «Էսթետ» ընկերության շենքում, որտեղ այսօր սովորում է տասը տաղանդավոր հայ երիտասարդ, այդ թվում` մեկ աղջիկ:

Ապրիլի 22 –ին կկայանա Ստեփանակերտի AJA դպրոցի բացումը, իսկ հունիսի 8-ին նման դպրոց կբացվի նաև Կալիֆոռնիայում:

Մեկնաբանել