Հայաստանը` ԲԳԿ համաժողովում

Բրազիլիա քաղաքում ապրիլի 17-18-ին անցկացվել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԳԿ) նախաձեռնության բարձր մակարդակի տարեկան համաժողովը, որի բացումը կատարել են Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Համաժողովի աշխատանքին մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած  պաշտոնական պատվիրակությունը, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հարավային Կովկասի երկրներին նվիրված նստաշրջանում Հովակիմյանը ներկայացրել է Հայաստանի ԲԿԳ գործողությունների ծրագիրը, որը կազմել է ՀՀ պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը: Աշոտ Հովակիմյանը կենտրոնացել է ծրագրի հիմնական դրույթների, ԲԿԳ շրջանակներում Հայաստանի ստանձնած հանձնառությունների վրա:

Նա նաև խոսել է ծրագրի նախագծի պատրաստման գործընթացի մասին` հատուկ շեշտելով պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների արդյունավետ համագործակցությունը: Նման համագործակցության կարևորությանն է իր խոսքում անդրադարձել նաև Տեղեկատվության ազատության կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանը: