Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսն աննախադեպ ժեստ է արել. նա ներողություն է խնդրել փղերի որսին մասնակցելու համար:
«Ես ցավում եմ: Ես սխալ եմ գործել: Դա այլևս չի կրկնվի», – ասել է թագավորը: Խուան Կարլոսն այս հայտարարությունն արել է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, որտեղ նա ժամանակ ուներ թերթեր ընթերցելու և հեռուստացույց նայելու համար:
Օգնականների խորհրդին հետևելով` Խուան Կարլոսը որոշել է հրապարակայնորեն և ոչ թե թագավորական մամուլի ծառայության միջոցով դիմել իսպանացիներին:
Նշենք, որ Խուան Կարլոսի հասցեին հնչած քննադատության պատճառ էր հանդիսացել թագավորի` Բոթսվանա կատարած այցը, որտեղ նա որսի էր մասնակցել և նկարահանվել էր սպանված փղի հետ:
Իսպանացիները պնդում են, որ երկրի ծանր տնտեսական դրության պայմաններում թագավորի այս ուղևորությունն անտեղի էր:
Սկանդալային իրավիճակը թագավորական ընտանիքին ստիպեց քայլեր ձեռնարկել: Շատերի կարծիքով` թագավորի այս ժեստը վկայում է այն մասին, որ ժամանակները փոխվել են: