Երեւանը պատրաստ է

Ապրիլի 22–ին կմեկնարկեն «Երևան`գրքի համաշխարհային մայրաքաղաք» տոնակատարությունները: Այս կապակցությամբ կայացած հանդիպման ընթացքում Հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական հանձնաժողովի քարտուղար, միջոցառումների համակարգող, ՀՀ նախագահի ախատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրին օրվա հանդիսությունները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնեց, որ Երևանը պատրաստ է բազմաթիվ հյուրերի ընդունելությանը: Մինչև ապրիլի 20–ը զարդարման, բարեկարգման և լուսավորման հետ կապված բոլոր աշխատանքները կավարտվեն: Տոնակատարությունների մեկնարկի կապակցությամբ Երևան կայցելի շուրջ 30 պատվիրակություն աշխարհի տարբեր երկրներից: Սպասվում է նաև 50 պատվավոր հյուր: Համաշխարհային հռչակ վայելող գրողների այց նախատեսված չէ միջոցառումների առաջին փուլում: Հասմիկ Պողոսյանն ասաց, որ այդ մասին որևէ բան կկարողանան հայտնել միայն մայիսի 20–ից հետո:

Ապրիլի 22–ի տոնական միջոցառումների գագաթնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսի փոխանցման հանդիսությունը; Տարոն Մարգարյանին տիտղոսը կփախանցի Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին: Մինչ այժմ թերևս ամենասպասված միջոցառումներից մեկը Անդրեա Բոչելիի համերգն է, որը կկայանա ժամը 20:00- ին Ազատության հրապարակում: Աշխարհահռչակ տենորը հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Հովեր» կամերային երգչախմբի ընկերակցությամբ: Համերգային ծրագրում նա կներկայացնի Դոնիցետիի, Պուչինիի, Վերդիի և Բիզեի ստեղծագործություններից, կհնչի նաև Նինո Ռոտայի երաժշտությունը:

Բացի այդ` ողջ օրվա ընթացքում քաղաքի տարբեր վայրերում կկայանան գրական ընթերցումներ և  ցուցահանդեսներ: Տարոն Մարգարյանը հայտնեց նաև, որ Երևանի բոլոր վարչական կենտրոններում գրքի կրպակներ կտեղադրվեն: