Մինաս Ավետիսյանի որմնանկարը չի տեղափոխվի

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը, նկատի առնելով այն հանգամանքը, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի նախկին մշակույթի տան նախասրահում գտնվող Մինաս Ավետիսյանի որմնանկարի անխաթարությունն ապահովելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել կատարել ամրակայման և վերականգնման աշխատանքներ, որոշել է այդ նպատակով ծախսվելիք մոտ 9 մլն դրամ գումարը տրամադրել թանգարանների պահպանման ծախսերի վերաբաշխման հաշվին` ս.թ. չորրորդ եռամսյակում այն վերականգնելու պայմանով։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Տիգրան Սարգսյանն ասել է , որ անհրաժեշտ է շիրակցիներին տեղյակ պահել, որ որմնանկարը մնալու է հենց մշակույթի տանը, որովհետև կրկին լուրեր են պտտվում, թե իբր գումարը հատկացվում է, որպեսզի որմնանկարը տեղափոխվի: «Մեր քաղաքացիներին հավաստիացնում ենք, որ այս հատկացումները կատարում ենք մշակույթի տունը կարգի բերելու նպատակով, և որմնանկարն էլ մնալու է հենց այնտեղ։ Կարծում եմ, որ մնացած որմնանկարները վերականգնելու համար գյումրեցիները կգտնեն հովանավորներ, մանավանդ որ Գյումրիում հյուրանոցային շինարարությունը մեծ թափով զարգանում է և խնդիր չի լինի գտնել հովանավորների, ովքեր 10-20 մլն կհատկացնեն որմնանկարները փրկելու համար։ Պետք է արձանագրենք, որ չնայած մեծ աղմուկ եղավ այդ ամբողջ գործառույթի շուրջ, այնուամենայնիվ, մենք մեր նպատակին հասանք և փրկեցինք որմնանկարները, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն այսօր հնարավորություն ունեն վայելելու դրանք»։