Շուրջ 3 մլրդ 324 մլն դրամ`աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծմանը

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, և արձանագրել, որ դեռևս 2008 թ. կառավարության հավանությանն արժանացած հայեցակարգով ձևավորվել են պարտավորություններ աղետի գոտու բնակավայրերում սահմանված կարգով հաշվառված մոտ 6 հազար 972 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ` մինչև 2013 թ. հունվարի 1-ը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այսօրվա նիստում նշվել է, որ 2012 թ. պետբյուջեով նախատեսվում է 3 մլրդ 324 մլն 600 հազար դրամ հատկացնել շուկայից բնակարանների (բնակելի տների) ձեռքբերման համար ֆինանսական աջակցության տրամադրմանը։ Ընդունված որոշմամբ այդ գումարից 2 մլրդ 154 մլն 600 հազար դրամը հատկացվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար նոր բնակարանների կառուցմանը։ Կառավարությունը հավանություն է տվել «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման պետական գնման պայմանագրերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» համաձայնագրերին, որոնց շնորհիվ հնարավոր կլինի Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Ախուրյան քաղաքներում, Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում լրացուցիչ բնակարանների (բնակելի տների) կառուցմամբ ապահովել անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված պարտավորությունների ամբողջական կատարումը։