Երկաթուղային բեռնափոխադրումներն ավելացել են 1,4%-ով

Հայաստանի երկաթուղով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է աննշան՝ 1,4%-ով։ Երկաթուղին հիմնականում օգտագործվում է ներկրման և ներքին բեռնափոխադրումների համար։ Ինչպես տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) մամուլի ծառայությունը, այս տարվա առաջին եռամսյակում ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 611,3 հազ. տոննա, ինչը 1,4% գերազանցել է 2011 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 97 հազ. տոննա, ինչը 25,2% գերազանցել է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը:

Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. առաջին եռամսյակում փոխադրվել էր 233 հազ տոննա, ինչը 11%-ով պակաս է 2011 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:

Բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմել է 281,3 հազ. տոննա, ինչը 6,9%-ով գերազանցել է անցած տարվա հունվար-մարտի ցուցանիշը:

Ըստ ՀԿԵ-ի հաղորդագրության՝ բեռնափոխադրման ծավալների աճին զուգահեռ ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: Եթե անցած տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը 1345 տոննա էր, այս տարվա նույն ժամանակահատվածում 1430 տոննա է։

Մեկնաբանել