Հունական կղզիների ծախծխում

Ըստ ֆրանսիական La Tribune-ի, որը վկայակոչում է հունական Kathimerini պարբերականը, առաջիկայում առնվազն երկու հունական կղզի կարող է փոխել սեփականատիրոջը։ Այսպես, վաճառքի է հանվել Պատրոկլոս կղզին։ Կղզու կողմնորոշիչ գինը €100 մլն է։ Հունաստանի ամենաունևոր ընտանիքներից մեկի ժառանգորդուհի Աֆինա Օնասիսը վաճառքի է հանել Սկորպիոս կղզին, որը Արիստոտել Օնասիսը ձեռք էր բերել 1963թ․։ Ընտանիքի պաշտոնական կենսագրի տվյալներով՝ կղզին €500 մլն է գնահատվում։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցները չեն բացառում, որ Օնասիս ընտանիքը դիտարկում է նաև կղզին մինչև 99 տարի ժամկետով վարձակալության հանձնելու տարբերակը, որպեսզի չխախտի Արիստոտել Օնասիսի վերջին կամքը։ Իր կտակում հույն միլիարդատերն արգելել է վաճառել Սկորպիոսը։

Հունաստանի կազմում կա մոտ 2 հազ. մեծ ու փոքր կղզի. մի քանի տասնյակը մասնավոր սեփականություն է։ Կղզիները վաճառելու գաղափարը սկսեց տարածվել, երբ 2009թ. վերջին Հունաստանում պարտքային ճգնաժամ ծագեց։ Ընդ որում՝ գաղափարը սկսեցին ակտիվ զարգացնել երկրի սահմաններից դուրս։ Այսպես, 2010թ. փետրվարին Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավարներից մեկը՝ Յոզեֆ Շլարմանը, գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարեց, որ «սնանկը պարտավոր է վաճառել ամեն ինչ, որպեսզի վճարի վարկատուներին։ Հունաստանն ունի շինություններ, ձեռնարկություններ և անմարդաբնակ կղզիներ։ Պարտքը մարելու համար թող դրանք օգտագործի»։ Ու թեև այս հայտարարությունն առաջացրեց եվրոպական հասարակության վրդովմունքը, կղզիների որոշ սեփականատերեր այս առաջարկին լուրջ վերաբերվեցին։ Առավելևս, որ ֆինանսական խնդիրների սրման պայմաններում շատ սեփականատերեր ի վիճակի չէին վճարելու կղզու սեփականության իրավունքի հարկը, որի չափը կարող է հասնել տարեկան ավելի քան €1 մլն-ի։ Այս տարվա ապրիլի սկզբին Ստամուլիուս ընտանիքը Կատարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆա աթ Թանիի ընտանիքին վաճառեց Օկսիա կղզին։ Kathimerini-ն գրում է, որ գինը €5 մլն է կազմել, ինչը 30%-ով ցածր է նախնական գնից։ Վաճառող կողմին ստիպել է զիջումների գնալ նաև այն, որ այժմ կղզիների առաջարկը զգալի գերազանցում է պահանջարկը։ Բացի այդ՝ փորձագետները կարծում են, որ հնագիտական և էկոլոգիական ռեգլամենտը նույնպես կբարդացնի վաճառքը և վերջին հաշվով կհանգեցնի կղզիների գների էլ ավելի մեծ անկման։

Մեկնաբանել