Մեկնարկել է «Խելացի երկրների խելացի լուծումները» մրցույթը

Մեկնարկել է «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթը. առաջին փուլում մոտ 30 երիտասարդ ներկայացրել է 14 նորարարական գաղափարներ: Ինչպես տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, մրցույթի նպատակն է խթանել ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացումն ու էլեկտրոնային բիզնեսը:

Հիմնական մասնակիցները Երևանի պետական, Հայ-Ռուսական, Եվրասիա միջազգային համալսարանների ուսանողներ են: Առաջին փուլում ընտրվել են նորարար և մրցունակ գաղափարներ, որոնց հիման վրա մասնակիցների ցանկությամբ ձևավորվել են աշխատանքային թիմեր: Նրանք մինչև մայիսի 1-ը պետք է ամբողջացնեն և ներկայացնեն ինչպես բիզնես-գաղափարները, այնպես էլ աշխատանքային թիմերի կազմը: Մրցույթի հետագա փուլերի ընթացքում աշխատանքային թիմերը կկազմեն իրենց գաղափարների բիզնես-մոդելները, կմշակեն բիզնեսի փորձնական նախատիպերը:

Հաղթող թիմերը իրենց գաղափարների փորձնական նախատիպերը հնարավորություն կունենան ներկայացնելու հունիսի 15-16-ը կայանալիք ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում, ինչպես նաև մայիսի 17-19-ին անցկացվող Եվրասիա միջազգային երիտասարդական համաժողովում:

Կազմակերպիչներն են ԻՏՁՄ-ն, Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հայ-Ռուսական համալսարանի Բիզնես Ինկուբատորը և Եվրասիա Միջազգային Համալսարանը (ԵՄՀ), Key Solutions խորհրդատվական ընկերությունը:

Մեկնաբանել