Ալ Մուբարաքը գոհ է հայ-քուվեյթյան գործակցության մակարդակից

Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին ապրիլի 18-ին ընդունել է Քուվեյթի Պետության վարչապետ շեյխ Ջաբեր ալ Մուբարաք ալ Համադ ալ Սաբահը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը,
զրուցակիցներն անդրադարձել են հայ-քուվեյթյան համագործակցության ներկա ընթացքին և երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին:

Վարչապետ Ջաբեր ալ Մուբարաքն իր գոհունակությունն է հայտնել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակից և նշել, որ Քուվեյթի Պետությունը մտադիր է էլ ավելի խթանել փոխշահավետ գործակցությունը մշակույթի, կրթության և գիտության, առևտրատնտեսական, այդ թվում` ներդրումների խրախուսման ու ենթակառուցվածքների ոլորտներում: Վարչապետը կարևորել է նաև հայ-քուվեյթյան միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի գործունեությունը` որպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորագույն բաղադրիչ:

Կողմերն արձանագրել են նաև Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպանության գործունեության արդյունավետությունը` նշելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ պայմանավորվածությունների ձեռքբերմանն ու իրականացմանը:

Մեկնաբանել