«Ժառանգությունը» այրո՞ւմ է կամուրջները

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, որ իրենց կուսակցությունը վերջնականապես որոշել է ինքնուրույն աշխատել ազատ և արդար ընտրությունների անցկացման ուղղությամբ: Նա այս քայլը պատճառաբանել է հետևյալ հանգամանքով. «Եթե ՀԱԿ առաջնորդը հայտարարում է, որ իր թիվ մեկ թշնամին ՀՀԿ-ն է, և ինքը անգամ չի քննադատելու Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կամ վերադարձը ապահովող քաղաքական ուժերին, սա նշանակում է, որ, ըստ էության, գոյություն ունի ստվերային պայմանավորվածություն, և այս միասնական շտաբը, ավելի շուտ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբն է հիշեցնում, քան ընտրությունների ազատ և արդար ընթացքը ապահովելուն կոչված շտաբը»:

Ստացվում է, որ «Ժառանգությունը» պաշտոնապես լքում է չորս կուսակցությունների նախաձեռնած ընտրությունների վերահսկման միասնական շտաբը: Այդ դեպքում մի շարք հարցեր են առաջանում:

Հետաքրքիր է, թե այդ ի՞նչ ռեսուրսներով է «Ժառանգությունը» պայքարելու ընտրակեղծիքների մեքենայի դեմ, այն դեպքում, երբ այդ կուսկացության մարդկային ռեսուրսը մի կերպ կարող է բավականացնել ընտրատեղամասային հանձնաժողովներում ներակայացուցիչներ ունենալու համար; ինչո՞ւ է Ստյոպա Սաֆարյանը այդքան անհանգստացած, որ ՀԱԿ առաջնորդը թիվ մեկ թշնամի է համարում ՀՀԿ-ին և չի քննադատում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը; արդյոք բնական չէ՞, որ քննադատության սլաքը պետք է ուղղված լինի գործող իշխանությունների կողմը՝ ի դեմս ՀՀԿ-ի; ինչքանո՞վ է ընկալելի, որ նախընտրական այս թեժ ընթացքում ՀՀԿ-ին և նրա ղեկավարին թողած, քննադատության է ենթարկվում նախկին նախագահին; որտեղի՞ց Ստյոպա Սաֆարյանին այդպիսի ինֆորմացիա, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ, երբ երկրորդ նախագահը պաշտոնապես չի հայտարարել այդ մասին; ինչպե՞ս կարելի է ապահովել վերադարձի ցանկություն չհայտնած մարդու վերադարձը: Չէ՞ որ քաղաքականությունը հրապարակային գործունեություն է և այդտեղ թաքուն չեն վերադառնում:

Տպավորություն է, որ Սաֆարյանը միտումնավոր է վարկաբեկում միասնական շտաբի աշխատանքները: Կարելի էր պարզապես դուրս գալ՝ պատճառաբանելով, որ իրենց նախապայմանները չեն բավարարվել: Եվ եթե այս հակաքարոզչության մեջ միտում կա, ապա կարելի է կասկածել, թե որ քաղաքական ուժի համար է շահավետ, որ ընտրական գործընթացների վրա հանրային վերահսկողությունը թույլ լինի:

Հիմա ո՞ւմ վերարտադրությունն է փորձում ապահովել «Ժառանգությունը»:

Մեկնաբանել