ԿԲ-ն 4 ±1.5% գնաճ է կանխատեսում

«2012 թ. ապրիլի 10-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Ահարոն Չիլինգարյանը:

Խորհրդի նիստում, որը սկսվեց Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, քննարկ­­վեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրա­մա­վար­կային հատվածների զարգացումները: 2012 թ. մարտին արձանագրվել է 0.1% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի համե­մա­տու­թյամբ նվազել է 0.8 տոկոսային կետով և կազմել 2.2%` ձևավորվելով տա­տա­նում­նե­րի թույլատրելի միջակայքից փոքր-ինչ ցածր մակարդակում: Ընդ որում, պարենային ապ­րանքների գների աճի նպաստումը 12-ամսյա ցուցանիշին կազմել է 1.2 տոկոսային կետ, ոչ պարենային ապրանքներինը` 0.6 տոկոսային կետ, ծառայությունների սա­կա­գնե­րի աճի նպաստումը` 0.4 տոկոսային կետ: Ամսական գնաճը պայմանավորված էր հիմ­նականում բենզինի և վառելիքի գների համապատասխանաբար 3.5% և 1.6% աճով: 2011 թ. ԿԲ իրականացրած դրամավարկային քաղաքականությունը հան­գեց­րել է գնաճի տեմպերի նվազմանը և կայունացմանը, ինչն ուղեկցվել է տնտեսական ակ­տիվությամբ: ԱՎԾ-ն հրապարակել է 2011 թ. տնտեսական աճի ցուցանիշը` 4.6%, որը համապատասխանում է ՀՀ 2011 թ. պետական բյուջեի հիմքում դրված տնտեսական աճի ցուցանիշին և համահունչ է ՀՀ ԿԲ կանխատեսումներին: Նույն միտումները պահպանվել են նաև 2012 թ. սկզբին. 2012 թ. հուն­վա­ր-փետրվարին ՏԱՑ-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համե­մատու­թյամբ, կազմել է 5.6%, ինչն արդյունք է արդյունաբերությունում` 18.5% և ծառա­յու­թյուն­ների ոլորտում 9.8% թողարկման ծավալների աճի: Շինարարության ճյուղում ան­կու­մը կազմել է 0.1%, իսկ գյուղատնտեսության ճյուղում, նախորդ տարվա հա­մա­պա­տաս­խան ժամանակահատվածի համեմատությամբ, թողարկման ծավալները չեն փո­փոխ­վել. անասնապահությունում 0.1% անկումը չեզոքացվել է բուսաբուծության թո­ղարկ­ման ծավալների 6% աճով: 2011 թ. շարունակել է բարելավվել ընթացիկ հաշիվը. ընթացիկ հաշվի պա­կա­սորդ/ՀՆԱ հարաբերությունն էապես նվազել է և կազմել 11%: Ինչ վերաբերում է 2012 թ. տարեսկզբի արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշ­նե­րին, 2012 թ. հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանա­կա­հատ­վա­ծի համեմատությամբ, արտահանումը (ըստ առևտրի վիճակագրության` ՖՕԲ) ավե­լա­ցել է 12.3%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ)` 11.4%-ով: 2012 թ. տարեսկզբին հարկաբյուջետային քաղաքականությունը համա­խառն պահանջարկի վրա թողել է թույլ զսպող ազդեցություն` պայմանավորված պե­տա­կան եկամուտների որոշ չափով գերակատարմամբ և ծախսերի տնտեսմամբ (ՀՀ կա­ռավարության կողմից սահմանված եռամսյակային համամասնությունների և ԿԲ կան­խատեսումների համեմատությամբ): Խորհրդի նիստում ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի զարգացումները: ԿԲ մարտին շարունակել է չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը ելնելով առաջիկա ժամանակահատվածում գնաճի տատանումների թույլատրելի միջակայքում գտնվելու կանխատեսումներից և բազային սցենարով ՀՀ տնտեսության զարգացումներից: Չնայած փետրվարի սկզբին արդեն պարզ էր, որ առաջին եռամսյակի ավարտին գնաճը ձևավորվելու է տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շուրջ, սակայն, հաշվի առնելով մինչև 2012 թ. տարեվերջ գնաճի բազային կանխատեսումները ԿԲ-ն պահպանել է քաղաքականության չեզոքությունը: Ֆինանսական շուկայի զարգացումները մարտին կրել են ինչպես իրականացված դրամավարկային քաղաքականության, այնպես էլ դեկտեմբերին պարտադիր պահուստավորման մեխանիզմի փոփոխության հետևանքով ժամանակավոր աճից հետո տոկոսադրույքների նվազման շարունակման ազդեցությունը: Ընդհանուր առմամբ, արձանագրվել է տոկոսադրույքների նվազման միտում. շուկայական ռեպո միջին տոկոսադրույքը փետրվար ամսվա նկատմամբ նվազել է 1.07 տոկոսային կետով և կազմել 9.81%, միջբանկային ռեպո տոկոսադրույքը` 1.27 տոկոսային կետով և կազմել 9.46%: Միաժամանակ, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում նախորդ ամսվա համեմատ միջին տոկոսադրույքը մնացել է գրեթե անփոփոխ և կազմել 8.77% (նվազումը 0.13 տոկոսային կետ): Բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը նախորդ ամսվա համեմատ փոքր-ինչ աճել է և կազմել 8.12% (աճը 0.39 տոկոսային կետ): 2012 թ. մարտին արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ ամսվա համեմատ դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.13% տոկոսով` կազմելով 389.13 դրամ, Եվրոյի նկատմամբ փոխարժեքը մնացել է անփոփոխ կազմելով 514.2 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 1.66 %-ով` կազմելով 13.26 դրամ: Նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ դրամի միջին շուկայական փոխարժեքը դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 5.32 %-ով, Եվրոյի նկատմամբ արժևորվել է 0.32 %-ով և ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 2.34 %-ով: Ֆինանսական շուկայի զարգացումների ներքո դրամավարկային ցուցանիշները մարտի 24-ի դրությամբ արձանագրել են հետևյալ շարժերը. 12-ամսյա կտրվածքով դրամային ավանդների 44.1% աճի պայմաններում դրամային զանգվածն առաջանցիկ 28.9% աճ է արձանագրել փողի զանգվածի համեմատությամբ: Արտարժութային ավանդների 12-ամսյա աճը կազմել է 16.6% (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը 10.5%): Արդյունքում, դոլարայնացման մակարդակն այդ ժամանակահատվածում նվազել է 2.4 կետով (ավելի, քան 5.4%-ով): Պահպանվել են վարկավորման բարձր աճի տեմպերը 34.2%, ընդ որում, դրամով վարկավորումն ավելացել է 21.3%-ով: Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ: 2012 թ. առաջին եռամսյակում ԱՄՆ և Ճապոնիայի առաջնորդող տնտեսական ցուցանիշները, ինչպես նաև Եվրոգոտում պարտքային հիմնախնդիրների հետ կապված լարվածության թուլացումը լավատեսական հեռանկար ստեղծեց համաշխարհային տնտեսության համար:

Չնայած ձևավորված դրական սպասումներին, էապես մեծացել են աշխարհաքաղաքական հիմնախնդիրներով պայմանավորված համաշխարհային տնտեսական ռիսկերը, հատկապես նավթամթերքի գների կտրուկ աճը (Brent տեսակի նավթի գինն առաջին եռամսյակի ընթացքում ավելացել է 8.5%-ով նաև պայմանավորված պահանջարկի աճով): Ըստ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալների մարտին պարենային ապրանքների գների աճը փետրվարի նկատմամբ կազմել է 0.5% պայմանավորված հիմնականում բուսական և կենդանական յուղի, մսամթերքի, հացահատիկի գների աճով: Գների անկում է արձանագրվել կաթնամթերքի շուկայում: ԱՄՆ ԴՊՀ-ն, չնայած նավթամթերքի գնի աճով պայմանավորված գնաճային ճնշումների առկայությանը, հիմք ընդունելով ԱՄՆ տնտեսության զարգացման չափավոր տեմպերն անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը: Եվրոպական կենտրոնական բանկը նույնպես անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը, չնայած գնաճի կանխատեսումները գերազանցում են նպատակային ցուցանիշը:

Խորհուրդը գնահատեց, որ ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցության առումով արտաքին հատվածի զարգացումները հիմնականում Դրամավարկային քաղաքականության ծրագրի բազային սցենարի շրջանակներում են. առաջատար մի շարք երկրներում տնտեսական ակտիվության դրական միտումների ներքո պարենային ապրանքների միջազգային գները ձևավորում են թույլ գնաճային միջավայր: Մինչդեռ շարունակում է դրսևորվել Դրամավարկային քաղաքականության ծրագրում նախանշված միջազգային շուկայում նավթամթերքի գների աճի ռիսկը պայմանավորված Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական զարգացումներով:

Խորհուրդն արձանագրեց, որ գնաճային միջավայրի վրա ՀՀ տնտեսության զարգացումների ազդեցությունը համապատասխանում է Դրամավարկային քաղաքականության ծրագրի բազային սցենարին և, ընդհանուր առմամբ, ոչ գնաճային է. անվանական աշխատավարձերի աճի տեմպը փոքր-ինչ գերազանցում է արտադրողականության աճի տեմպին, մասնավոր ծախսումների աճը դեռևս գնաճային ճնշումներ չի առաջացնում, իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը թույլ զսպող ազդեցություն է թողնում:

Խորհուրդն ամփոփեց, որ համաշխարհային և ՀՀ տնտեսությունների զարգացման ներկա հեռանկարում իրատեսական է կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում գնաճի ձևավորումը 4% նպատակային ցուցանիշի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում: Այս իրավիճակում խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:

2012 թ. ապրիլի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար` 11.0% և 5.0%»,- նշված է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Մեկնաբանել