Ճգնաժամն ու առողջությունը` երևանյան եվրոպական ֆորումում

   

Խորհրդակցությանը մասնակցում են մոտ 30 երկրների ազգային բժշկական ասոցիացիաների նախագահներ, ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից:

Միջոցառմանը բացման խոսքում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտնել է, որ քննարկվելու են չափազանց կարևոր հարցեր, որոնք ուղղված են լինելու առողջապահության զարգացմանը, հեռանկարային ծրագրերի իրականացմանը:

Նա նշել է նաև, որ Եվրոպական տարածաշրջանը կազմված է 50 երկրից, որոնք շատ տարբեր են, սակայն հաճախ ունենում են միևնույն բժշկական խնդիրները, որոնք բարելավվում են, եթե այդ երկրները համագործակցում են` ձևավորելով առողջապահության քաղաքականության սկզբունքները և համատեղ ուժերով հաղթահարելով երկրների առողջապահական համակարգերի առջև ծառացած խնդիրները:

«Այստեղ լուրջ դերակատարություն ունեցան մասնագիտական կառույցները, ասոցիացիաները, որոնք համագործակցեցին»,- ասել է Հարություն Քուշկյանը և ընդհանուր խնդիրներից նշել` ժողովրդագրական տեղաշարժերը, ներքին և արտաքին միգրացիան, տարբեր տիպի բժշկական խնդիրները;

Առողջապահության նախարարը նաև տեղեկացրել է, որ խորհրդակցության ժամանակ քննարկվելու են այն քաղաքական ուղղությունները, որոնք ուղղված են եվրոպական տարածաշրջանի նոր քաղաքականությանը` «Առողջություն 20-20», որտեղ նորատիպ հարցեր են քննարկվելու և նորատիպ լուծումներ են տրվելու:

«Այժմ մի ժամանակաշրջանում ենք, որ պետք է համարձակ որոշումներ կայացնենք, որպեսզի կարողանանք ապահովել առողջապահության համակարգի նոր որակը, նոր զարգացումը»,- շեշտել է Հարություն Քուշկյանը:

Նախարարը խորհրդաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք:

Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի նախագահ Լիա Վապները ներկայացրել է, որ եվրոպական ֆորումն իր ամենամյա միջոցառումներն անցկացնում է աշխարհի տարբեր երկրներում:

Վեհաժողովում քննարկվելիք թեմաների շուրջ խոսելով` Լիա Վապները հաղորդել է, որ առավելապես անդրադարձ է լինելու հանրային առողջապահության, առողջապահական քաղաքականություններին. «Մենք առաջադրում ենք թեման և ծավալում ենք քննարկումներ»:

Լիա Վապների փոխանցմամբ` նման խորհրդակցությունների ժամանակ փոխանակվում են կարծիքներ, յուրաքանչյուր երկիր արտահայտում է իր մտահոգությունները. «Այս տարի առաջարկում ենք տնտեսական ճգնաժամը և դրա ազդեցությունը առողջապահության վրա: Ազգաբնակչությունը ճգնաժամի ժամանակ առողջապահական ավելի շատ խնդիրներ է ունենում»:

Նշենք, որ տեղեկատվությունը, ինչպես նաև քննարկումների արդյունքում ընդունված փաստաթղթերն ու հուշագրերը տարածվում են Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի, Ազգային ասոցիացիաների և առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվական միջոցներով: