Ռուսականը ծանրանում է

Թեև Հայաստանը շարունակում է գտնվել նվազ և միջին պարտքային բեռ ունեցող երկրների շարքում, պետական պարտքի ցուցանիշը տեղում չի դոփում։ Անցած տարի պետպարտքն ավելացել է $365 մլն-ով՝ կազմելով ՀՆԱ-ի 41,7%-ը։ Բացի այդ՝ Հայաստանը սկսել է քաղել ռուսական վարկի առաջին պտուղները. 2011թ. արտաքին պարտքի սպասարկմանն ուղղված $101,6 մլն-ի 17%-ը բաժին է ընկել հենց ռուսական վարկին։

Հայաստանը թեև որոշ ցուցանիշներով դասվում է միջին, իսկ որոշներով էլ՝ նվազ պարտքային բեռ ունեցող երկրների թվին, այդուհանդերձ պետական պարտքը բնութագրող առանձին ցուցանիշներով երկիրը 2011թ. հետընթաց է արձանագրել։ Այսպես. եթե 2010թ. պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը, ըստ Ֆինանսների նախարարության, կազմել է 41%, ապա անցած տարի այն հասել է 41,7%-ի։ Արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2010թ. կազմել է 35,6%, անցած տարի՝ 36%։

Հայաստանում արձանագրվել է ոչ միայն արտաքին, այլև ներքին պարտքի ավելացում. ներքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2011թ. կազմել է 5,66% (2010թ. այն 5,2% էր)։

Պետական պարտքը բնութագրող ցուցանիշների վատթարացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պարտքի աճը եղել է ավելի արագ, քան մակրոտնտեսական ցուցանիշներինը։ Բացի այդ՝ իր դերն է խաղացել թուլացող ազգային արժույթը։

Այսպես. արտաքին պետական պարտքը մեկ տարում ավելացել է 8,2%-ով, այնինչ ՀՆԱ-ի աճը կազմել է 4,6%։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի պետական պարտքն անցած տարի աճել է $365 մլն-ով, ներառյալ արտաքին պարտքի $270 մլն-ը։ 2011թ. վերջին արտաքին պարտքը կազմել է $3,568 մլրդ, որից $2,95 մլրդ-ը Կառավարության պարտքն է։ Արտաքին պետական պարտքի ավելացմանը զուգահեռ ավելացել են դրա սպասարկմանն ուղղվող գումարները՝ 11,6%-ով՝ կազմելով $101,6 մլն։

Փակել ռուսական տոկոսները
Հայաստանի արտաքին պետական պարտքի կառուցվածքում «ծանր» է ռուսական վարկի բեռը։ 2009թ. Ռուսաստանի կողմից Հայաստանին 15 տարով և LIBOR+3% տարեկան տոկոսադրույքով տրամադրած $500 մլն վարկը կազմում է արտաքին պարտքի 14%-ը։ Թեև ռուսական վարկի տեսակարար կշիռն այդքան էլ մեծ չէ, պետության վրա թանկ է նստում դրա սպասարկումը։

2010թ. Կառավարությունը ռուսական վարկի տոկոսավճարներին ուղղել է $18,26 մլն, անցած տարի՝ ևս $17,37 մլն։ Տոկոսավճարների փոխոխությունը պայմանավորված է նրանով, որ վարկային միջոցները ներգրավվել են լողացող տոկոսադրույքով։

Թեև անցած տարի ռուսական վարկի սպասարկմանն ավելի քիչ գումար է ուղղվել, այնուհանդերձ ընդհանուր պարտքի սպասարկման ծավալում զգալի է հենց այդ վարկի մասնաբաժինը։ Այսպես՝ 2010թ. Կառավարության՝ պետական պարտքի տոկոսների $38,18 մլն վճարումների 47,8%-ը բաժին է ընկել ռուսական վարկին։ Անցած տարի ռուսական վարկի սպասարկմանն ուղղված $17,37 մլն-ը կազմել է արտաքին վարկերի գծով տոկոսավճարների 42%-ը։
Ռուսական վարկի սպասարկման ծանրության մասին վկայում է նաև այն, որ անցած տարի Կառավարությունն այդ վարկի տոկոսների վճարմանն ուղղել է գրեթե այնքան գումար, որքան բոլոր միջազգային կազմակերպություններից ներգրավված վարկերի տոկոսավճարներին (ուղղվել է $18 մլն)։

Այս տարի ռուսական վարկի սպասարկումը կարող է ավելի ծանրանալ. եթե 2011թ. 6-ամսյա LIBOR-ի միջին տոկոսադրույքը 0,5% էր, ապա այս տարի, ըստ կանխատեսումների, LIBOR-ի միջին տարեկան ցուցանիշը կկազմի 0,67%։ LIBOR-ի աճը կծանրացնի ոչ միայն ռուսական, այլև ընդհանուր պարտքի սպասարկումը, քանի որ Հայաստանի արտաքին պարտքում առևտրային վարկերի մասնաբաժինը մոտ 40% է։