Բել ու Թոֆլեր պետք չէ ցիտել

Ինստիտուցիոնալիստները, որոնց մեջ փայլում է մեր հայրենակից, Մասաչուսեթի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուն, պնդում են, որ նախկինում տարածված կարծիքները, թե տնտեսական զարգացման համար կարևոր են մշակույթը կամ աշխարհագրական դիրքը, ճիշտ չեն, նրանք կարևորում են գործող համակարգերի՝ ինստիտուտների ստեղծման կարողությունը: Այն հասարակությունը, որ կարողանում է ստեղծել գործող համակարգ, նա էլ կարողանում է արագորեն զարգանալ:

Արևմտյան որոշ քաղաքագետների տեսակետը, թե տնտեսական զարգացման ավելի մեծ հնարավորություն ունենում են ժողովրդավարական ռեժիմները, նույնպես հերքվեց Հարավարևելյան Ասիայի վերջին հիսունամյակում բուռն զարգացած երկրների օրինակով:

Ինձ համար ամենամեծ նշանակությունն ունի կամքը: Տվյալ երկրի էլիտաների և հատկապես կառավարող վերնախավի կամքը՝ ունենալու զարգացած երկիր:
Երբ 2008թ. Տիգրան Սարգսյանը նշանակվեց վարչապետ, հայաստանյան վերլուծական-փորձագիտական շրջանակներում մեծ ոգևորություն կար, հայտնի քաղաքագետներից մեկը նույնիսկ համարձակվեց դիտարկել, որ Տիգրան Սարգսյանը մեծ հնարավորություն ունի հայկական Պետրոս Մեծ դառնալու: Ցավոք, այդ ոգևորությունը շատ արագ կորավ, ՀՀ վարչապետն էլ բավական հեռու է բարեփոխիչ դառնալու հեռանկարից:

Ավելին՝ սկսվեց հիասթափություն: Շատ արագ պարզ դարձավ, որ լայն հասարակությանը Դանիել Բելի ու Էլվին Թոֆլերի՝ 70-80-ականներին ուշադրության արժանացած տեսություններով զարմացնող վարչապետը ընդամենը օլիգարխիկ համակարգի փաստաբանն է, որը նույնիսկ կամքի փոքրիկ նշույլ չունի տնտեսության զարգացումն արգելակող երևույթների դեմ պայքարելու համար:

Եվ իրոք, որպեսզի, ասենք, Հայաստան ներմուծվող մերձարևադարձային մրգերի շուկայում բոլոր ներմուծողներն ունենան հավասար պայմաններ, ընդամենը հարկավոր է ունենալ կամք՝ եղած օրենքները հարգելու և բացի մեկ ներմուծողից՝ մյուսներին չխոչընդոտելու համար:

Դրա համար Բել ու Թոֆլեր պետք չէ ցիտել. դրա համար անհրաժեշտ է նվազագույն ցանկություն:

Հենց կամքի առկայությունն է հնարավոր դարձրել Սինգապուրի և Թայվանի զարգացումը, կամքն է ստիպել արևմտյան հաջողված երկրներին ստեղծելու գործող ինստիտուտներ:

Խորհրդարանական ընտրարշավի ժամանակ հայաստանյան կուսակցություններն ամենաշատը խոսում են հավատից: Նշանակում է՝ հասարակության մեջ հավատի ճգնաժամ կա: Պատճա՞ռը. որովհետև նախորդ տարիներին համապատասխան կամք հասարակությունը չի տեսել:

Մեկնաբանել