«Հաջողության պատմությունների» գինը

Ապրիլ ամսվա ամենատպավորիչ գործարքներից մեկը Instagram լուսանկարների «սոցիալական ցանցի» ձեռքբերումն էր «Ֆեյսբուք»-ի կողմից՝ $1 մլրդ-ով: Ամենայն հավանականությամբ՝ «Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը որոշել է վաղօրոք ապահովագրել սեփական բիզնեսը վտանգավոր մրցակցից: Instagram-ն արդեն ունի 50 մլն օգտատեր: Այն լուսանկարներ փոխանակելու անվճար գործիք է, որտեղ տեղեկատվությունը փոխանցում է ոչ թե տառերի և տեքստի միջոցով, այլ լուսանկարի, ինչն ավելի ազնիվ, անկեղծ և դեմոկրատական է, այն չունի նաև լեզվական պատնեշներ: Սա է Instagram-ի փիլիսոփայությունը:

Սա հերթական հեքիաթն է կամ «հաջողված պատմությունը», որոնցով լիքն է տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհի կենսագրությունը: Սակայն ինձ համար ամենահետաքրքրականն այն էր, թե ինչը դարձավ այս 9-12 աշխատակցից բաղկացած և մինչ այս գործարքը ոչ մի ցենտ չվաստակած թիմի և նրանց նման այլ մի շարք խմբերի հաջողության բանալին: Առաջին հերթին, իհարկե, տպավորիչ է այն փոխակերպումը, որ առաջացել է բիզնես աշխարհում: Instagram-ի պատմությունն այն պարզ օրինակներից է, երբ մի խումբ մարդկանց գլխում ծնված գաղափարը կարող է վերափոխվել փողի… մեծ փողի:
Այս երևույթը մտորելու տեղիք է տալիս նաև մեզ: ՀՀ կառավարությունը մշտապես շեշտում է գիտությունը կիրառելի և եկամտաբեր դարձնելու անհրաժեշտությունը: Հայտարարվում է, որ մեր գիտությունը շարունակում է մնալ խորհրդային ոճի մեջ, երբ հայտնագործությունները և գյուտերը չէին ծառայում տնտեսությունն ավելի նորարար և կիրառական դարձնելու համար:

Սակայն այս պարագայում Հայաստանի կառավարությունը մոռանում է մի շատ կարևոր ճշմարտություն՝ ցանկացած բնագավառում եկամուտ ակնկալելու համար անհրաժեշտ է ներդրումներ անել: Որքան էլ հանճարեղ, նվիրված և հայրենասեր լինեն գիտնականները, առանց լուրջ ներդրումների նրանք չեն կարող համապատասխան գիտական արդյունք ստեղծել:

Նույն Instagram-ը, որքան էլ ներկայացվի իբրև մաքուր մտքի արգասիք, իր հետևում խոշոր ներդրումներ ունի՝ 2010թ. մարտի 5-ին այն ստացել է $500 հազ. Baseline Ventures և Andreessen Horowitz ներդրումային հիմնադրամներից, իսկ 2011թ. փետրվարի 2-ին՝ $7 մլն տարբեր ներդրողներից, որոնց թվում էին Benchmark Capital-ը, Ջեք Դորսին, Քրիս Սաքը (LOWERCASE Capital հիմնադրամի միջոցով) և Ադամ դ’Անջելոն: Այս գումարները թույլ էին տվել ոչ միայն հոգալ Instagram խմբի աշխատակիցների կարիքները, այլև լայնամասշտաբ գովազդային քաղաքականություն իրականացնել՝ չմտածելով նախագծից եկամուտ ստանալու անհրաժեշտության մասին: Միայն այս պայմաններում է հնարավոր միտքը, գաղափարը վերածել շահույթի և եկամուտի:
Հակառակ պարագայում, ի հեճուկս ՀՀ կառավարության բոլոր ցանկությունների, ՀՀ ԳԱԱ աշխատող շատ պայծառ գիտնականների մտավոր կարողությունները երբեք էլ արդյունավետ չեն վերածվի պետությանը շահույթ բերող նորարարության: Նման գաղափարներ կա՛մ չեն ծնվի, կա՛մ, ինչպես հաճախ է լինում, կդառնան այլ երկրներում իրականացված «հաջողության պատմություններ»՝ այն երկրներում, որտեղ պատրաստ են նախ ֆինանսավորել, հետո նոր պահանջել: