Հայաստանը կունենա բժշկական էլեկտրոնային անկետաներ

Հայաստանյան իրականությունում բժշկական պատմությունը անձի հնամաշ անկետան է կամ պարզապես «Ինչ հիվանդություննե՞ր եք ունեցել նախկինում» հարցը: Դե իսկ Երևանի պոլիկլինիկաներում անկետաների բոլոր էջերը վաղուց լրացված են, և բժիշկները նոր գրառումներն ավելացնում են տետրերի թղթերի վրա, ապա դրանք էմուլսիայով սոսնձում անկետային: Այլ հարց է, որ անկետաներում բժիշկների ձեռագրերը հասկանալու համար, հավանաբար, մատենագիրներն էլ չեն փրկի:

Պարզվում է, որ 2010թ. այս իրավիճակը հուզել է առողջապահության նախարարությանը և վերջինս, էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, կազմել է ՀՀ-ում առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ ներդնելու հայեցակարգ: Այն ներկայացվել է կառավարությանը և հավանության արժանացել 2010թ. դեկտետմբերի 23-ին:

Ի՞նչ է միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգը

Համակարգը պետք է ներառի էլեկտրոնային շտեմարան, ուր հավաքագրվում, արխիվացվում և օգտագործվում է հասարակության յուրաքանչյուր անդամի մասին բժշկական տեղեկատվությունը: Այս ողջ տեղեկատվությունը անձնավորված է: Անձի նույնականացումը պետք է իրականացվի էլեկտրոնային նույնականացման քարտերի միջոցով:

Անձի բժշկական պատմությունը ներառում է անձի կրած հիվանդությունները, բժշկական միջամտությունները և բուժումները, բուժում իրականացրած բուժհիմնարկների տվյալները, ընդունած դեղամիջոցները և այլն: Տեղեկատվական շտեմարանում առկա են լինելու նաև անձի մասին ընդհանուր տվյալներ և նրա ապահովագրական պատմությունը:

Միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգը ոչ միայն կստեղծի յուրաքանչյուր բնակչի վերաբերյալ լիարժեք բժշկական տեղեկատվություն, այլև կնպաստի ՀՀ առողջապահության ոլորտի թափանցիկությանը, վիճակագրության բարելավմանը, կսահմանափակի կոռուպցիոն ռիսկերը և այլն:

Համակարգի ստեղծման համար անհրաժեշտ է ներդնել քարտային համակարգ, քարտային տերմինալներ և սարքեր, միացնող սարքեր, ստեղծել ցանցային ենթակառուցվածք, սերվերներ և ստանդարտացնել փաստաթղթերը:

Պետք է նշել, որ առողջապահության ոլորտի այժմյան փաստաթղթաշրջանառությունը մեծացնում է թղթի ծախսատարությունը և բարձրացնում դրանց կորստի հավանականությունը:

Ի՞նչ է արվել հայեցակարգի իրականացման համար

Առողջապահության նախարարությունից ՍիվիլՆեթին տեղեկացրեցին, որ 2010թ. դեկտեմբերի 29-ին առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, և կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որպես աշխատանքները համակարգող և իրականացնող կազմակերպություն է նշանակվել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը» (ԷԿԵՆԳ):

Սիվիլնեթի հետ զրույցում ԷԿԵՆԳ-ի ծրագրերի համակարգող Արմեն Ղալումյանը տեղեկացրեց, որ ներկայում ծրագիրը ֆինանսների հայթայթման փուլում է, բանակցություններ են ընթանում տարբեր դոնոր կազմակերպությունների հետ:

ԷԿԵՆԳ-ը, մասնավորապես, մեծ հույսեր է կապում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ (USAID): «Այն թերևս միակն է բոլոր այն միջազգային կազմակերպություններից, որն անմիջականորեն հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտով: Մենք բանակցությունների փուլում ենք և դրական պատասխան ենք սպասում»,- ասաց նա:

Որքա՞ն գումար է անհրաժեշտ համակարգի ներդրման համար

«Խոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլարների մասին է, իսկ պետական ֆինանսավորում առայժմ չկա: Միգուցե հետագայում լինի որոշակի բաղադրիչների համար»,- ասաց Արմեն Ղալումյանը և հավելեց, որ ծրագրի ներդրման պիլոտային փուլի համար բավական է $1մլն:

Միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման պիլոտային փուլը ներառում է տեղեկությունների էլեկտրոնային շտեմարանի ստեղծում, համակարգի ինտերնֆեյսի ստեղծում, բուժանձնակազմի վերապատրաստում, ինչպես նաև որոշակի ստանդարտների՝ տվյալների պահպանման, համակարգի իրականացման մշակում:

«Ծրագրի իրականացման առաջին քայլը կլինի էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի հավաքագրումը, որը նախատեսվում է պատրաստել 2012թ. ընթացքում»,- նշեց ԷԿԵՆԳ-ի ծրագրերի համակարգողը: Նրա խոսքով՝ տվյալների շտեմարանի ստեղծումը բժշկական հաստատությունների պատասխանատվության տակ է լինելու:

Արմեն Ղալումյանն ընդգծեց, որ ամբողջ համակարգը պետք է համապատասխանի միջազգային ստանդարտներին և կարևորեց միջազգային փորձի ուսումնասիրությունը: «Մինչ ծրագրի իրականացման պլանը կազմելը, ԷԿԵՆԳ-ը և էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրել են տարբեր երկրներում նման համակարգերի մոդելները: Մեկնել ենք Խորվաթիա, ծանոթացել նրանց մոդելին, փորձին: Իսկ կորեական փորձագիտական խումբը կատարել է Հայաստանում համակարգի ներդրման գնահատման փուլ»,- ասաց նա:

Եր՞բ սպասել նորությունների

Ըստ Արմեն Ղալումյանի՝ հավանաբար, առողջապահության ոլորտում էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի պիլոտային փուլը կգործարկվի Երևանում, իսկ հետագայում՝ նաև Հայաստանի մարզերում: Նրա կարծիքով, ծրագրի լիարժեք ներդրման համար անհրաժեշտ է 2-3 տարի:

Իսկ ինչպես նշված է ՀՀ կառավարության 2012թ. գործունեության միջոցառումների ծրագրում, առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ ներդնելու հայեցակարգը որպես ծրագիր՝ իրագործման ժամանակացույցով ներկայացվելու է կառավարությանը 2012թ. վերջում՝ հոկտեմբերի 1-ին տասնօրյակին:

Փաստորեն արդեն երեք տարի է (2010-2012), ինչ Հայաստանում տեսականորեն պատրաստ է միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մոդելը, սակայն գործնական քայլերն ուշանում են:

Մեկնաբանել