Տուբերկուլյոզի դեպք` ԵՊՀ-ում

Երևանի պետական համալսարանում  ապրիլի 11-ին արձանագրվել է թոքային տուբերկուլյոզի դեպք: Հիվանդը ուսանողական պոլիկլինիկայից ուղեգրվել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ ախտորոշվելու և բուժում ստանալու համար: Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, ներկայումս հիվանդը գտնվում է դիսպանսերի թերապևտիկ բաժանմունքում և ստանում է համապատասխան բուժում: Նրա վիճակը բավարար է: Համալսարանում հիվանդի հետ շփված անձինք անցել են ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն. կասկածելի այլ դեպքեր կամ հիվանդներ չեն հայտնաբերվել:

Ապրիլի 19-ին առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների կողմից իրազեկման աշխատանքներ են տարվել ԵՊՀ ուսանողների հետ:

Նախարարությունը նշում է, որ տուբերկուլյոզը վարակիչ հիվանդություն է, որի աղբյուրը թոքային տուբերկուլյոզով հիվանդն է: Հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Տուբերկուլյոզը Հայաստանում բուժվում է անվճար: