Երևանում կբացվի 2-րդ հեծանվային կայանատեղին

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի բակում վաղը՝ ապրիլի 21-ին, կբացվի հեծանվային կայանատեղի: Այս նախաձեռնության հեղինակն է «Հեծանիվ+» էկո-մարզական հկ-ն` «Բաց հասարակության» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Civilnet.am-ի հետ զրույցում հկ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանն ասաց, որ կայանատեղին նախատեսված է լինելու 10 հեծանիվի համար: Նրա խոսքով, այն մշտապես հսկվելու է:

 «Մեր միակ մտավախությունն այն էր, որ հեծանիվները չգողանան: Այժմ հանգիստ ենք, քանի որ դրանք հսկվում են»,-նշեց նա և հավելեց, որ ֆրանսիական համալսարանի երկու ուսանող ամեն օր հեծանվով է դասի գալիս: Կայանատեղիի բացման մասին լուրն իմանալով` ևս վեց ուսանող ցանկություն է հայտնել ամեն օր հեծանվով հասնել համալսարան:

Ապրիլի 21-ին հեծանվային կայանատեղիի բացումը կմեկնարկի հեծանվարշավով: Սա արդեն Երևանում երկրորդ հեծանվային կայանատեղին է: Առաջինը ապրիլի 7-ին բացվել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության մասնաշենքին կից բակում` կրկին «Հեծանիվ+» հկ-ի նախաձեռնությամբ: Այս կայանատեղին նախատեսված է 17 հոգու համար և հսկվում է նաև հատուկ տեղադրված տեսախցիկներով:

Այն հարցին, թե ո՞րն է լինելու հաջորդ համալսարանը, ուր կբացվի նման կայանատեղի, Սամվել Հովհաննիսյանը պատասխանեց, որ առայժմ ֆինանսներ չկան: