Արցախում մեկնարկել «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը

Ստեփանակերտում մեկնարկել է «Համակարգիչների մատչելիության բարձրացման» պետական աջակցության ծրագրի պիլոտային փուլը: Այն «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի տեղայնացված տարբերակn է:

Ծրագրի շնորհիվ ԼՂՀ քաղաքացիները հնարավորություն կունենան վարկային պայմաններով A3, A5 Intel պրոցեսորներով հագեցած համակարգիչներ գնել Ստեփանակերտի մի քանի մասնագիտացված խանութներից:

Civilnet.am-ի հետ զրույցում ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի գործարարության խթանման վարչության ՏՏ մասնագետ Առնոլդ Աբրահամյանը տեղեկացրեց, որ պիլոտային ծրագրի մեկ տարվա համար պետական աջակցությունը 10 մլն դրամ է:

«Հնարավորություն կտրվի ձեռք բերել մինչև 250 000 դրամ արժողությամբ համակարգիչ և մինչև 350 000 դրամ արժեքով նոթբուք: Համակարգիչները տրամադրվում են առանց կանխավճարի, 36 ամիս մարման ժամկետով: Քաղաքացին վճարում է տարեկան 10% տոկոսադրույք, իսկ12%-ը սուբսիդավորվում է պետության կողմից: Ամսական վճարը մոտ 10.000 դրամ է»,-նշեց նա:

Առնոլդ Աբրահամյանի կանխատեսմամբ, հնարավոր է` պիլոտային փուլում վաճառվի միջինը 150 համակարգիչ:

Հայաստանում «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային փուլը մեկնարկել է 2009-ի սեպտեմբերին: Ծրագրի նպատակն է էականորեն բարձրացնել Հայաստանում համակարգիչների տարածման մակարդակը: