ՀՀ-ն կշարունակի օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության հաստատմանը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 19-ին Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանին նվիրված արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի ընդլայնված հանդիպմանը: Վերջինիս մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը` շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

«Հայաստանը եկավ Աֆղանստան` իր մասնակցությունը բերելու միջազգային համատեղ ջանքերին, օգնելու այդ երկրին խաղաղություն հաստատելու իր հարեւանների եւ միջազգային հանրության հետ, թույլ չտալու ահաբեկչական ուժերի ավերիչ գործունեությունը ոչ միայն Աֆղանստանում, այլ մերթընդմերթ որպես վարձկանների՝ այլուր: Մենք մեր տարածաշրջանում դրա ականատեսն ենք եղել եւ գիտենք, թե դա ինչ է նշանակում»,-ասել է Նալբանդյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի իր նպաստը բերել Աֆղանստանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը, պահպանմանն ու ամրապնդմանը ինչպես մինչեւ 2014 թ. նախատեսվող անվտանգության աջակցության ուժերի դուրս բերումը, այնպես էլ դրանից հետո:

Մեկնաբանել