Գինի խմելու պահը

Գինու սպառումն աշխարհում աճում է սրընթաց կերպով (տարեկան 10-15%-ով), ինչին թերևս նպաստել են կարմիր գինու օգտակարության մասին բժշկական նորագույն հետազոտությունների արդյունքների բազմաթիվ հրապարակումները: Հայաստանը գինու արտադրության հին ավանդույթներ ունի, արտադրական հզոր կարողություններ ու բարձրորակ խաղողի ցանքատարածություններ: Բայց հայկական գինին միջազգային շուկաներում շարժվում է կրիայի քայլերով ու նույնիսկ հետ է շպրտվում այնպիսի շուկաներից, որտեղ ստվար սփյուռքահայ օջախներ կան: Ինչո՞ւ:

Հայաստանից գինու արտահանումը 2010թ. համեմատ 2011թ. նվազել է մոտ 22%-ով՝ 924 հազ. լիտրից իջնելով մինչև 733 հազ. լիտր (աղբյուրը՝ ՀՀ Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջ): Ավելի խոսուն փաստ, որ հայկական գինեգործությունը ճգնաժամի մեջ է, դժվար է գտնել: Փոխարենն աճում է ներմուծումը. 2010թ. 550 հազ. լիտրից 2011թ. այն հասել է 620 հազ. լիտրի: Այսինքն՝ ներմուծման ու արտահանման ծավալները գրեթե հավասարվում են, ու դա պայմանավորված չէ սպառողների քմահաճույքներով: Տեղեկություններ կան, որ գինեգործարանների մի մասը ներմուծում է գինի՝ տեղում շշալցելու համար: Դա էժանագին ու անորակ գինի է ու լրջորեն անդրադառնում է հայկական գինու իմիջի վրա:

Ասել, որ Հայաստանում գինու արտադրության պոտենցիալը սպառված է, ու այդ պատճառով պետք է գինի ներմուծենք շշալցման նպատակով, սխալ կլինի: Ոչ այնքան հեռու 1980թ. Հայաստանն արտադրել է 90 մլն լիտր գինի՝ ներկայիս 6,8 մլն լիտրի համեմատ: Սա արդեն իսկ ցույց է տալիս, թե ինչ թաքնված ռեսուրս ունի գինեգործությունը, ինչպես նաև ճիշտ մարտավարության ու միջազգային շուկայի բարենպաստ միտումների պահպանման պայմաններում ինչ վիթխարի օգուտներ կարելի է ստանալ: Որպեսզի հասկանալի լինի, թե գինու համաշխարհային շուկան կլանման ինչ պոտենցիալ ունի, նշենք երկու օրինակ: Ռուսական շուկայում սպառումը գնահատվում է տարեկան մոտ 1 մլրդ լիտր, իսկ սպառման տարեկան աճը միայն 2012թ. սպասվում է 10-15%-ի սահմանում: Եթե այդ աճի միայն 1%-ը բավարարվի Հայաստանի հաշվին, ապա գինու արտահանումը կկրկնապատկվի կամ կեռապատկվի: Իսկ որ դա այնքան էլ բարդ խնդիր չէ, ցույց է տալիս Չիլիի փորձը. ընդամեը հինգ տարում այդ երկիրը ռուսական շուկայում իր ներկայությունը 0,1%-ից բարձրացրեց մինչև 5%: Իսկ Հայաստանը վտանգում է կորցնել իր չնչին՝ 0,3% մասնաբաժինը: Սակայն աճի ամենամեծ պոտենցիալով օժտված է չինական շուկան: Այնտեղ գինու սպառումը 1 շնչի հաշվով հասել է տարեկան 1 լիտրի, սակայն սպասվում է դրա կրկնապատկում ու նույնիսկ եռապատկում առաջիկա տարիներին: Մաթեմատիկոս պետք չէ լինել՝ հասկանալու, թե դա ինչ հզոր զարկ կարող է հաղորդել գինու համաշխարհային արտադրությանը:

Ի՞նչն է խանգարում հայկական գինեգործությանը

Ի՞նչ պետք է անել հայկական գինու միջազգային դիրքերն ամրացնելու համար: Մոտեցումներն այստեղ բազմաթիվ են, առաջարկների պակաս չի զգացվում: Այնուամենայնիվ, խնդիրներից մի քանիսը իսկապես հիմնային են ու որոշիչ նշանակություն ունեն: Առաջինը կարմիր խաղողի սորտերի (կարմիր գինու ստացման համար) անբավարարությունն է: «Արենի» սորտի խաղողների ցանքատարածություններն ընդամենը մոտ 1000 հա են, մինչդեռ այդ սորտից են ստացվում լավագույն հայկական գինիները: Գյուղացիները դժկամությամբ և դժվարությամբ են նոր այգիներ հիմնում. յուրաքանչյուր հա այգի հիմնելու համար մոտ $15 հազ. դոլար ներդրում է հարկավոր, որն առաջին եկամուտն ապահովում է չորս տարի հետո, իսկ ներդրումների ամբողջական վերադարձը՝ 8-10 տարի հետո: Հայկական բիզնես միջավայրի համար սա չտեսնված շռայլություն է՝ խոշոր ու միջին բիզնեսի համար նման ներդրումները գրեթե հետաքրքրություն չեն ներկայացնում, իսկ առևտրային բանկերը խիստ զգուշորեն են վերաբերվում 4-5 տարի տոկոսավճար չստանալու հեռանկարին: Գինեգործարանների մի մասը փորձում է խաղողի խնդիրը լուծել սեփական ցանքատարածություններ հիմնելու ճանապարհով, սակայն սա հեռանկարային ուղի չէ: Գինեգործարանների հնարավորությունները խաղողի այգիներ տնկելու առումով սահմանափակ են, ու արդյունավետ կարող են լինել միայն ընտիր գինիների արտադրության համար, որը պահանջում է հատուկ սորտեր: Կամ էլ գինեգործարանները նման այգիների միջոցով կարողանում են որոշ չափով զերծ մնալ խաղողի մթերման գների տատանումների բացասական հետևանքներից: Մի շարք երկրներ (հատկապես Հարավային Ամերիկայում) այս հարցը լուծել են խաղողագործության զարգացման ազգային ծրագրեր մշակելով:

Գինը՝ խնդիր

Հաջորդ կարևորագույն խնդիրը կապված է հայկական գինու գնի հետ: Արտահանվող գինու մաքսային արժեքը 1 լիտրի հաշվով $3,4 է: Արտաքին շուկաներում դրա մանրածախ գինը (հաշվի առնելով ակցիզն ու մյուս հարկերը) հասնում է $10-15-ի: Այդ գնով ցանկացած երկրում կարելի է գտնել ֆրանսիական ու իտալական բարձրորակ գինիներ կամ ավելի էժան ու որակապես հայկականին չզիջող չիլիական գինի: Այսինքն՝ զուտ գնային առումով հայկական գինին մրցունակ չէ. այն որակապես համադրելի է չիլիական կամ արգենտինական գինու հետ, սակայն առաջարկվում է ֆրանսիականի գնով: Գնային այս անոմալիայի «գաղտնիքը» դեռևս լիովին հստակ չէ: Հայաստանում խաղողի մթերման գներն ավելի բարձր չեն , քան այլ երկրներում, մոտավորապես համարժեք են Ավստրալիայում կամ Հարավային Ամերիկայում մթերվող գներին: Առավել հավանական է, որ հայկական գինի արտահանողները շեշտը դնում են սփյուռքահայերի հարենասիրական զգացմունքների վրա ու գնային վրադիր են կիրառում: Սա անհաջողության տանող ուղիղ ճանապարհ է: Եթե հայկական գինեգործությունը ցանկանում է իսկապես շուկաներ նվաճել, պետք է հրաժարվի սփյուռքահայերի հայրենասիրական զգացմունքների վրա պլաններ կազմել:

Կա մի ճանապարհ, որ կարող է արդարացնել հայկական գինու թանկությունը: Դա «հայկական գինի» բրենդի ստեղծումն է, մոտավորապես այնպիսին, ինչիսին «հայկական կոնյակն է» կամ «վրացական գինին»: Բայց դա պահանջում է հայկական գինեգործական ընկերությունների ջանքերի համատեղում, ինչը ներկայում գործնականում անհնար է: Հայկական ընկերությունները չեն ցանկանում միջոցներ առանձնացնել հայկական գինին ներքին շուկայում պատշաճ գովազդելու համար, ու հազիվ թե դա անեն արտաքին շուկաներում: Հետևաբար՝ ճիշտը առայժմ գնային ավելի ճկուն քաղաքականություն վարելն է, շահութաբերության նվազման հաշվին ծավալների ավելացումը:
Չունենալով զարգացման ռազմավարական ծրագրեր՝ հայկական գինեգործությունը վտանգում է կորցնել պատեհ առիթը՝ միջազգային շուկաներում հաստատվելու համար: