Բալիստիկ նոր հրթիռի մասին լրագրողներին հաղորդել են Հարավային Կորեայի կառավարության աղբյուրները։ Ըստ ամենայնի՝ տեղեկատվությունը նրանց տրամադրել է ամերիկյան հետախուզությունը։ Ակնկալվում է, որ հրթիռը պետք է արձակվի առաջիկայում՝ «Ինհա-3»-ի ձախողումը շտկելու համար։
Այս մասին է խոսում նաև ԿԺԴՀ ղեկավարության հռետորաբանությունը։ Այսպես, նախօրեին տիեզերական տեխնոլոգիաների գծով հանձնաժողովի ներկայացուցիչը Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը հայտարարել էր, որ Փհենյանը «նախկինի պես շարունակելու է արբանյակներ արձակել՝ չնայած ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի թշնամական վերաբերմունքին»։ Նրա խոսքով՝ դա համապատասխանում է սոնգունի (բանակի գերակայության) քաղաքականությանն ու տիեզերքի հետազոտման խաղաղ ծրագրին։ Ընդ որում՝ գործակալության զրուցակիցը հավելել է, որ ԿԺԴՀ-ի համար նախանշված ծրագերի իրականացումը շատ ավելի կարևոր է, քան ամերիկյան օգնությունը։
ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են ուշադիր հետևել հյուսիսկորեական հրթիռային ծրագրի զարգացումներին։ Հինգշաբթի այս թեմային է նվիրված եղել Սենատի՝ զինված ուժերի հարցերով կոմիտեի նիստը, որին մասնակցել է պաշտպանության նախարար Լեոն Պանետան։ Պատասխանելով կոմիտեի անդամների հարցերին՝ նա մասնավորապես հայտարարել է, որ հրթիռային ծրագրի զարգացման հարցում Հյուսիսային Կորեային որոշ օգնություն է տրամադրել Չինաստանը։ Ընդ որում՝ Պանետան հրաժարվել է հստակեցնել, թե խոսքը հատկապես ինչ օգնության մասին է՝ մատնանշելով հարցի «զգայունությունը»։