Տնտեսական ակտիվությունը՝ 6,1%

2012թ. հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվությունն ավելացել է 6,1%-ով, միջին աշխատավարձը 5%-ով, գնաճը կազմել է 3,3%։ Բնակչությունը սա չի զգացել, քանի որ առևտրի ծավալն ավելացել է 0,3%-ով։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ-ում սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները» հրապարակման՝ այս տարվա մարտին, նախորդ ամսվա համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է 6,6%-ով։ Ընթացիկ հունվար-մարտին՝ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ակտիվությունն աճել է 6,1%-ով։

Տնտեսական ակտիվության արագացումն առաջին եռամսյակում նախևառաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՎԾ-ում ճշգրտել են փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշները։ Այսպես. եթե նախկին հրապարակման մեջ նշված էր, որ փետրվարին տնտեսական ակտիվությունը կազմել է 6,3%, ապա այսօրվա հրապարակման համաձայն այն արդեն 6,7% է։ Ճշգրտման հիմքում ԱՎԾ-ի կողմից ծառայությունների ոլորտի փետրվարյան ցուցանիշի վերանայումն է. այն այժմ 11,3% է, ոչ թե 9,7%, ինչպես հրապակարվել էր մարտին։

ԱՎԾ-ի հրապարակման համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվություն արձանագրվել է բոլոր ոլորտներում՝ բացառությամբ գյուղատնտեսության և շինարարության։ Գյուղոլորտում աճը եղել է զրոյական, այնպես ինչպես և փետրվարին, իսկ շինարարությունում արձանագրվել է 5,5% անկում։ Ըստ էության՝ գյուղատնտեսությունը, որը ՀՆԱ-ում ունի 23% մասնաբաժին, չեզոք դերակատարություն է ունեցել, իսկ շինարարությունը (մասնաբաժինը ՀՆԱ-ում 14%) արգելակել է զարգացումը։

Արձանագրված աճի հիմնական շարժիչը եղել են արդյունաբերությունը և ծառայությունների ոլորտները, որտեղ արձանագրվել է համապատասխանաբար 16,4%-ի և 11,5%-ի աճ։ Արդյունաբերության աճի հիմնական խթանիչը եղել է հանքարդյունաբերությունը, որը նպաստել է նաև արտահանման աճին։

Այս տարվա հունվար-մարտին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 11,5%-ով՝ կազմելով $1,3 մլրդ։ Արտահանումն ավելացել է 32,5%-ով՝ կազմելով $347,7մլն, ներկրումը՝ 9,7%-ով՝ կազմելով $956 մլն։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է $608 մլն. 2011թ. երեք ամիսների կտրվածքով այս ցուցանիշը $621 մլն էր։ Ստացվում է, որ թեև այս տարի արտահանումը շարունակել է ավելանալ, արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը բարելավվել է ընդամենը $13 մլն-ով։

ԱՎԾ-ի հրապարակման ցուցանիշներից ուշագրավ են առևտրի շրջանառության ու միջին աշխատավարձի ցուցանիշները և գնաճը։ Հունվար-մարտին ամսական միջին աշխատավարձն ավելացել է 5%-ով՝ կազմելով Դ113,7 հազ. (մասնավոր հատվածում միջին աշխատավարձը կազմել է Դ140 հազ.՝ աճը 5,2%, պետական համակարգում՝ Դ9,7 հազ.՝ աճը 4,8%), գնաճը կազմել է 3,3%։ Այդուհանդերձ, ներքին առևտրի ծավալներն ավելացել են ընդամենը 0,3%-ով, ինչը բավական տարօրինակ է։

Խնդիրն այն է, որ աշխատավարձերի աճի տեմպը գերազանցել է գնաճին, ինչ ենթադրում է առևտրի ծավալների գրեթե նույնքան աճ։ «Ավելցուկ» գումարները գնացել են ծառայության ոլորտ. այսինքն կոմունալ ծառայությունների վճարման։ Առևտրի շրջանառության ցուցանիշը փաստացի ցույց է տալիս, որ աշխատավարձերի աճն ու ցածր գնաճը չեն նպաստել բնակչության գնողունակության ավելացմանը։