Ապրիլի 22-ին Երևանի կենտրոնում կդադարեցվի երթևեկությունը

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ կազմակերպված միջոցառումների կապակցությամբ  ապրիլի 22-ին մայրաքաղաքում որոշակի ժամանակահատվածներով կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը քաղաքի մի քանի հատվածներում:

Ժամը 15:00 -19:00 կդադարեցվի Հանրապետության հրապարակում երթևեկությունը, ժամը 17:30 – 19:30՝ Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Իսահակյան հատվածում, ժամը 17:00- 21:00՝ Շահումյան հրապարակում, 17:00 – 22:00` Սայաթ Նովայի պողոտայի՝ Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան փողոցն ընկած հատվածում, Տերյան փողոցի՝ Սայաթ Նովայի պողոտայից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածում, Թումանյան փողոցի՝ Աբովյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածում և Հյուսիսային պողոտայում:

Ժամը 22:00 – 24:00 կդադարեցվի նաև Մաշտոցի պողոտայի՝ Մոսկովյան փողոցից մինչև Կորյունի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը:

Նշված ժամերին տրանսպորտային միջոցների, այդ թվում` նաև հասարակական տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի հարակից փողոցներով. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից: