Ալեքսանյանը երբեք չի դադարեցրել հրապարակային բանավեճը

«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին թվում է, որ 7-րդ ընտրատարածքում իր մրցակից Սամվել Ալեքսանյանը խուսափում է իր հետ հրապարակային բանավեճից։ Սակայն Հայաստանի ոչ մի ընտրատարածքում այդքան հրապարակային բանավեճ տեղի չի ունենում, որքան 7-րդ ընտրատարածքում։ Ինչպե՞ս է տեղի ունենում այդ բանավեճը։ Որպեսզի դա հասկանանք, պետք է գլխի ընկնենք, թե ինչպե՞ս կարող է աղքատ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը հրապարակային բանավեճի մեջ մտնել մոլորակի վրա բնակվող որևէ մեկի հետ։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում 7-րդ ընտրատարածքում, այդ հարցի պատասխանն է՝ Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի հետ բանավճում է կանանց ճղճղոցով։ Այդ ճղճղոցը և քարոզարշավ է, քանի որ նրանք բղավում են «երկրորդ Հիսուսի»՝ Սամվել Ալեքսանյանի մասին, և հրապարակային բանավեճ է, քանի որ բղավում են Նիկոլ Փաշինյանի երեսին։ Այդ կանայք ասելիք են տեղ հասցնում։ Նրանց պետք չէ անվանել «բե-տե-էռ»։ Համարենք նրանց պլակատ, տրաֆարետ, կլիշե։ Սամվել Ալեքսանյանը նրանց միջոցով կամ առանց նրանց երբեք էլ չի դադարեցրել հրապարակային բանավեճը

Եթե ուշադիր լինեք, ՀՀԿ-ն քարոզարշավ չի անցկացնում։ Ոչ ոք չի կարող պնդել, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իրականացվող մարզային և համայնքային հանրահավաքները քարոզարշավի շրջանակում են։ Ինչո՞ւ չի կարող պնդել։ Որովհետև բոլոր այդ հանրահավաքների ժամանակ խոսում է Սերժ Սարգսյանը և տվյալ համայնքի բնակիչներին կոչ անում իրենց ձայնը տալ, ասենք՝ գեներալ Սեյրան Սարոյանին, գործարար Սամվել Ալեքսանյանին, գեներալ Մանվելի հորեղբոր որդուն՝ Հրանտ Գրիգորյանին։ Այսինքն՝ մարդկանց, որոնց հոդաբաշխ հայերեն խոսքը «Աստղային պատերազմների» պես ֆանտաստիկ մի բան է։ Համայնքներում իրենց մեծությամբ աչքի ընկնող ՀՀԿ մեծամասնական թեկնածուների քարոզչական պլակատներն այն մասին չեն, թե ով է ձեր թեկնածուն, այլ այն մասին, թե ով է ձեր ընտրյալը։ Պլակատներն այն մասին են, որ դուք՝ 7-րդ և 8-րդ ընտրատարածքների բնակիչներդ, ընտրություն չունեք։ Եթե ունենայիք, կտեսնեիք նրանց՝ Սամվել Ալեքսանյանին և նրա փեսա Կորյուն Նահապետյանին, կհանդիպեիք, կլսեիք, նրանք կասեին, թե որ խնդրի լուծումն ինչպես են պատկերացնում։

8-րդ ընտրատարածքի մեծամասնականով ՀՅԴ-ական թեկնածուի քարոզչական պաստառները տասն օրվա ընթացքում ոչնչացվել են հինգ անգամ։ Ո՞վ կարող է ասել, որ այս քայլը ՀՀԿ-ական թեկնածուի քարոզարշավի մաս չէ, նրա «բանավեճը» չէ ՀՅԴ-ական թեկնածուի հետ։ Պարոն Նահապետյանը չի ուզում խոսել երկրի կայացման իր տեսլականներից։ Եթե խոսի, կնշանակի, որ մարդկանց համոզելու, հասկացնելու բան ունի։ Բայց նա նման խնդիր չունի, նա թեկնածու չէ, նա ընտրյալ է։ Սերժ Սարգսյանն արդեն ասել է՝ ՀՀԿ-ն նրանց է տալիս իր նախապատվությունը։ Իսկ նրանք եկեղեցու ներքո ընթացող ՀՀԿ-ական հանրահավաքի ժամանակ կես բերան հավաքվածներին չեն ասել, թե ինչու պետք է իրենք գնան Ազգային Ժողով։ Չեն ասել, որովհետև այդ ժողովրդին է թվում, թե ինքը մարդ է ուղարկում Ազգային ժողով, իրենք՝ «ընտրյալները», համոզված են, որ այնտեղից դուրս չեն եկել։ Որովհետև կռիվը Ազգային ժողովի համար չէ որպես օրենսդրական մարմնի։ Կռիվը արևի տակ տեղի մասին է, եթե այդ տեղը լիներ «ժեկի» պետի պաշտոնը, կլինեին այդ պաշտոնի ընտրյալը։ Այնպես որ, երբ Սամվել Ալեքսանյանը հրաժարվում է քաղաքական բանավեճից, այնպես չէ, որ նա բանավեճից է հրաժարվում, Սամվելը բանավիճում է այն տեղի մակարդակով, որտեղ ինքն իրեն պատկերացնում է, Նիկոլն ուզում է բանավիճել այն տեղի մակարդակով, որտեղ ինքն է իրեն պատկերացնում։ Բայց նրանք չեն կարող առերեսել իրենց տեղերի մասին պատկերացումները։ Ահա թե ինչու Սամվել Ալեքսանյանը հրապարակային գործիչ դառնալու առաջին իսկ օրվանից երբեք չի դադարեցրել հրապարակային բանավեճը։