Հանրապետական մրցույթը նվիրվում է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին

Հունիսի 10-24-ը կանցկացվի ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 4-րդ մրցույթը`  նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին:

Մրցույթի նախաձեռնողներն են` ՀՀ մշակույթի  նախարարությունը, Հայաստանի  երաժշտական ընկերությունը և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

Հանրապետական մրցույթին, որի նպատակն է բացահայտել ժողովրդական երաժշտարվեստի բնագավառում հանրապետության շնորհալի անհատ կատարողներին, աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը, կմասնակցեն երաժշտական ու արվեստի դպրոցների, քոլեջների, պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև պրոֆեսիոնալ երաժիշտ-կատարողներ: Մասնակցության դիմումները կընդունվեն մինչև 2012 թ. հունիսի  1-ը:

Մրցույթը կանցկացվի երկու տարիքային խմբերում, երկու փուլով և չորս անվանակարգերում`ժողովրդական երգ, փողայիններ` շվի, սրինգ, դուդուկ, զուռնա, լարայիններ`թառ, քանոն, ուդ, քամանչա, բամբիռ և հարվածային գործիքներ:

Յուրաքանչյուր անվանակարգում մասնակիցները կներկայանան երեք կատարումով, որոնցից մեկը պարտադիր պիտի լինի Սայաթ-Նովայի ստեղծագործություններից:

Հաղթողները կստանան դիպլոմ և դրամական  պարգև, որի չափսը դեռևս որոշված  չէ: Բացի այդ` կլինեն նաև հատուկ մրցանակներ:

Մրցանակների և պատվոգրերի հանձնումը  կկայանա  գալա համերգի հանդիսավոր արարողության ժամանակ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: