Առաջնահերթությունների խնդիրը

Այս տասնամյակի ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել մարդկության ամենամեծ մարտահրավերների դեմ պայքարում։ Օրինակ՝ Հնդկաստանում հայտարարվեց պոլիոմելիտի դեմ հաղթանակի մասին, ինչը տասը տարի առաջ անհնար էր թվում։ Հունվարին լրացավ մեկ տարին այն օրից, երբ երկրում գրանցվեց պոլիոմելիտի վերջին դեպքը։ Կամ, օրինակ, մալարիայի դեմ պայքարում գրանցված հաջողությունները. անցած տասնամյակի ընթացքում մալարիայով հիվանդանալու դեպքերը նվազել են 17%-ով, իսկ այդ հիվանդությունից մահացության դեպքերի թիվը կրճատվել է 26%-ով:

Չնայած աշխարհում բնակչության աճին և տնտեսական ճգնաժամին՝ բացարձակ աղքատության (օրական $1,25-ից պակաս գումարով ապրողների համամասնությունը) ցուցանիշը նվազում է աշխարհի բոլոր անկյուններում։ Իրականում, ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատելու՝ ՄԱԿ-ի «Հազարամյակի զարգացման նպատակ» ծրագրի նպատակը նախատեսվածից հինգ տարի շուտ է իրագործվել։

Ընդամենը մի քանի տարի առաջ տղաների թլպատումը որպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոց մեծ մասամբ անհայտ էր մարդկությանը։ Այսօր ՄԱԿ–ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծրագիրը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ են տալիս թլպատումն օգտագործել որպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի միջոց, և աֆրիկյան ավելի քան տասը պետություն ռազմավարություն են մշակում, որպեսզի այն ավելի լայն տարածում ստանա։ Նույն կերպ կլիմայի փոփոխություններին արձագանքելու նպատակով երկրաբանական ինժեներիան օգտագործելու գաղափարը գիտաֆանտաստիկ հարթությունից դուրս է եկել գիտական լուրջ ուսումնասիրությունների դաշտ։

Այս տասնամյակի ընթացքում 60%-ով ավելացել են գլոբալ զարգացման նպատակով տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները։ Բիլ Գեյթսի «Խոստում տալով» նախաձեռնությունը գաղափարից արշավ դարձավ, որը բարի գործերի համար առնվազն $125  մլն-ի խոստում բերեց։ Թեև անցած տասնամյակն ուրախանալու շատ առիթ է ստեղծել, դեռ մնում են ոլորտներ, որտեղ մենք չենք կարող պնդել, թե այսպիսի հաջողության ենք հասել։ Կլիմայի փոփոխությունն ամենաշատ խոսվող խնդիրներից մեկն է դարձել, մինչդեռ դրա շուրջ միջազգային մակարդակով բանակցությունները ձախողվել են, և ածխաթթու գազի արտանետումների կրճատման առումով մենք գրեթե նույն մակարդակին ենք, ինչ տասը տարի առաջ։

Նույն կերպ, զինված հակամարտությունները շարունակում են չափազանց մեծ թվով մարդկային կյանքեր խլել: Եվ չնայած աշխարհը հինգ տարի շուտ հասավ մարդկությանը խմելու մաքուր ջրով ապահովելու՝ «Հազարամյակի զարգացման նպատակ» ծրագրի նպատակին, սանիտարահիգիենիկ պայմանների հարցում աշխարհը հետ է մնում. աշխարհի բնակչության 1/3-ը (2,5  մլրդ մարդ) ապահովված չէ սանիտարահիգիենիկ հիմնական պայմաններով, և ավելի քան մեկ միլիոն մարդ բացօթյա պայմաններում է զուգարան գնում:

Այլ խնդիրներ նույնպես ի հայտ են եկել և մեծ չափերի հասել այս տասնամյակի ընթացքում: Եթե ներկա միտումները շարունակվեն, ապա մինչև 2030-ը յուրաքանչյուր տարի ծխախոտի օգտագործումից կարող է տարեկան 10  մլն մարդ մահանալ, հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Հնարավոր է, որ այս դարում ականատես լինենք ծխախոտի հետևանքով մահացությունների մոտ մեկ միլիարդ դեպքի՝ 20-րդ դարի 100  մլն-ի համեմատ: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում սրտանոթային հիվանդություններից յուրաքանչյուր տարի մահանում է 13  մլն մարդ, ինչն ավելի է աշխարհում գրանցվող մահվան ընդհանուր դեպքերի 1/4-ից: Բացի դրանից՝ աճում են ռիսկային գործոնները:

Արագորեն փոխվում է վիճակն այն մարտահրավերների, որոնց մարդկությունն առերեսվում է: Նույն կերպ փոխվում են դրանց լավագույնս արձագանքելու մեր գիտելիքները: Հարկավոր է, որ քաղաքական ուղեգիծը մշակողներն ու բարերարները պարբերաբար օգտվեն թարմացված տեղեկությունից այն մասին, թե դրամական սահմանափակ միջոցներն ինչպես կարելի է արդյունավետ օգտագործել:

«Կոպենհագենյան համաձայնության» նախագիծը, որը ես ղեկավարում եմ, կապ է ապահովում գիտական հետազոտության և կոնկրետ տնտեսական վերլուծության միջև, որը գործնականում կարող են օգտագործել որոշում կայացնողները: Յուրաքաչյուր չորս տարին մեկ անգամ հետազոտողներն ու Նոբելյան մրցանակի դափնեկիրներն աշխատում են, որ առավել խելամիտ լուծումներ գտնեն մարդկության առջև ծառացած խնդիրրներին:

2004թ. «Կոպենհագենյան համաձայնություն»-ն ուշադրություն հրավիրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը վերահսկելու և այն բուժելու միջոցներին առաջնահերթություն տալու անհրաժեշտության վրա: Շուտով ավելի շատ գումար հատկացվեց, և ավելի շատ ուշադրություն դարձվեց ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու բուժմանը: 2008թ. նախագիծը քաղաքական ուղեգիծը մշակողների և բարերարների ուշադրությունը կենտրոնացրեց միկրոսնուցում ապահովելու ներդրումների վրա: Հանրության կողմից գաղափարի ընդունման շնորհիվ ավելացան ջանքերը՝ կրճատելու «թաքնված սովը», երբ մարդրիկ տառապում են իրենց անհրաժեշտ սնուցիչ նյութերը չստանալուց:
Այս մայիսին Նոբելյան մրցանակի ավելի քան 30 դափնեկիր և հետազոտող մեկ անգամ ևս միասին կփորձեն լավագույն լուծումներ գտնել գլոբալ մարտահրավերներին՝ հիմնվելով աշխարհում առկա ամենադժվար խնդիրների մասին ամենաթարմ տեղեկությունների վրա:

2008-ից ի վեր համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով է՛լ ավելի անհրաժեշտ է դարձել քայլեր ձեռնարկել, որպեսզի զարգացման և մարդասիրական նպատակներով կատարվող ծախսերը խելամիտ ձևով օգտագործվեն այնտեղ, որտեղ դրանք կարող են ամենաակնառու փոփոխություններ կատարել: «Կոպենհագենյան համաձայնություն»-ը դժվար առաջադրանք է կատարում. կիրառելով տնտեսական հիմնարար գործիքներն ու սկզբունքները՝ այն մի շարք նախաձեռնություններ համեմատում է այլ նախաձեռնությունների հետ:

Առաջին՝ համաշխարհային համբավ ունեցող տնտեսական փորձագետների թիմերը հետազոտական աշխատանքներ են գրում կոնկրետ խնդիրներ լուծելուն ուղղված մի շարք ներդրումային ծրագրերի ծախսերի և օգուտների մասին: Խրախուսվում է բանավեճն ու քննարկումը, որպեսզի յուրաքանչյուր թեմայով երեքական հետազոտական աշխատանք գրվի: Նպատակը՝ որպեսզի տարբեր փորձագետների կարծիքներ լինեն:

Սա ապահովում է շրջանակ, որի միջոցով կարող ենք տեսնել նախագծի ամբողջական արժեքը, ներառյալ բոլոր ծախսերը, օգուտները, ինչպես նաև հասարակության համար այն հավելյալ առավելությունները, որոնք ի հայտ են գալիս սահմանափակ ֆինանսական միջոցները հատուկ ձևով օգտագործելու արդյունքում:
Այս ամբողջ հետազոտությունը արժեքավոր ավանդ է դառնում զարգացման և մարդասիրական օգնության միջազգային քաղաքականության համար: Սակայն նախագիծը մեկ քայլ առաջ է: Աշխարհի առաջատար տնտեսագետներից կազմված հանձնաժողովը, որում ներառվում է նաև նոբելյան չորս մրցանակակիր, քննության է առնում և քննարկում փորձագետների առաջարկությունները և որոշում ամենագրավիչ հնարավոր տարբերակները: Հետազոտական աշխատությունների հետ մեկտեղ՝ նոբելյան մրցանակակիրների կողմից առաջնահերթություն համարվող լուծումների ցանկը կարևոր ներդրում է քաղաքական ուղեգիծը մշակողների և բարերարների համար:

Թեև անցած տասնամյակում մարդկությունը բավականաչափ առաջընթացի ականատես է եղել և ունեցել հուսադրվելու պատճառներ, դեռ շատ կարևոր խնդիրներ կան լուծելու, որոնցից ամենակարևորներն են թերսնուցումը, սանիտարահիգիենիկ նվազագույն պայմանների ապահովումը, կրթությունը, քաղաքացիական հակամարտությունները, կլիմայի փոփոխությունը և բնական աղետները:

Սակայն արդյո՞ք ամենաակնառու խնդիրները հենց դրանք են, որոնք մենք պետք է անմիջապես լուծենք: Հետազոտությունն ու առաջնահերությունների ցանկը մեզ ստիպում են մտածել մեր ընթացիկ առաջնահերթությունների պատճառների շուրջ: Դրանք մեզ մարտահրավեր են նետում, որպեսզի սահմանափակ միջոցները ծախսենք նախևառաջ ամենալավ բաներն անելու համար: Իսկ թե որոնք են այդ ամենալավ բաները, որոնք պետք է ամենասկզբից անել, կպարզենք մայիսին: