Հուշագրեր`կառավարության և մասնավոր հատվածի միջև

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր`ապրիլի 20-ին, կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի, ինչպես նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես  տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, անցնելով օրակարգային հարցերին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում իրականացված  աշխատանքների ընթացքը: Ակնկալվում է, որ 2012-ին  արդյունաբերության բնագավառի ընդհանուր ծավալները կհատեն մեկ տրիլիոն դրամի ցուցանիշը: Նախարարի խոսքով՝ 2011-ին այս ոլորտում արձանագրվել են տպավորիչ արդյունքներ՝ արդյունաբերության ընդհանուր ծավալներն աճել են 14,1 տոկոսով և կազմել 953 միլիարդ դրամ, ինչը տնտեսության մեջ ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ՝ ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին ևս գրանցվել են  աճի խոստումնալից տեմպեր. նշված ժամանակահատվածում արձանագրվել է արդյունաբերության 18,5 տոկոս աճ:
Տիգրան Դավթյանը նշել է, որ կառավարությունը մի շարք գործիքներով շարունակում է աջակցություն ցուցաբերել արտադրական ընկերություններին: Մասնավորապես, ավելացված արժեքի հարկի հետաձգման ռեժիմի տրամադրման ուղղությամբ 2011-ին հավանության է արժանացել 10 ներդրումային ծրագիր՝ 52,9 միլիարդ դրամի ծավալով, իսկ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում  հաստատվել է 4,3 միլիարդ դրամի 4 ներդրումային ծրագիր: Այս քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ:

Ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգման ծրագրից օգտվելու ծավալները նախորդ տարի կազմել են 14 միլիարդ դրամ, իսկ այս տարի արդեն իսկ հավանության է արժանացել 1,3 միլիարդ դրամի երեք ծրագիր:  
Արդյունաբերական ընկերությունների վարկավորման գործընթացն օրեցօր ավելի ինտենսիվ է դառնում: Պետական ռեսուրսների միջոցով Ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից արդյունաբերական և ներդրումային ծրագրերի վարկավորման նպատակով տեղաբաշխվել է 3,6 միլիարդ դրամ: 2012-ին իրականացվել է 9 վարկային ծրագրի վարկավորում՝ 786 միլիոն դրամ ծավալով: 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի զեկուցմամբ՝ արդեն ձևավորվել են կոնյակագործության և դեղագործության բնագավառների ճյուղային խորհուրդները, որոնց շրջանակներում  քննարկվում և մշակվում են 2012-2015 թթ-ի միջոցառումների ծրագրերը:
Ռազմավարության շրջանակներում միջազգային կառույցների հետ համագործակցությամբ նախատեսվում է մասնակցել տարբեր միջազգային ֆորումների, ցուցահանդեսների՝ հայկական ապրանքների առաջխաղացմանն ու արտահանմանը նպաստելու համար: Մասնավորապես` ապրիլի 20-ին գործարար պատվիրակություն է մեկնելու Վրաստան, որտեղ նախատեսվում է արտահանման ենթակա հայկական ապրանքների ներկայացման ծրագիր:

Օրակարգի հաջորդ հարցով զեկուցվել է, որ արդեն իսկ ստեղծվել են կոնյակագործության, դեղագործության ու բիոտեխնոլոգիաների ոլորտային խորհուրդների քարտուղարությունները, որոնցում ընդգրկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության և համապատասխան բնագավառում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչները: 

Նիստում անդրադարձ է կատարվել նաև կոնյակագործության, դեղագործության ու բիոտեխնոլոգիաների բնագավառներում 2012-2015 թթ. գործողությունների ծրագրի նախագծերի և Հայաստանի գինեգործության ոլորտային ռազմավարության մշակման ընթացքին:

Այնուհետև  Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարության և դեղագործության ու բիոտեխնոլոգիաների, ինչպես նաև կոնյակագործության ոլորտների ներկայացուցիչների միջև ստորագրվել են այս բնագավառների ռազմավարությունների իրականացման վերաբերյալ հուշագրեր, որոնք ծրագրերի իրականացման շրջանակներում ամրագրում են փոխադարձ պարտավորություններն ու գործողությունները: Կառավարության անունից հուշագրերը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Հուշագրերի իրականացման նպատակն է այս ոլորտներում ապահովել արտադրության և արտահանման ծավալների կայուն աճ, արտահանման շուկաների դիվերսիֆիկացիա, հայկական արտադրանքի որակի և միջազգային մրցունակության բարձրացում, աշխատատեղերի պահպանում և նոր աշխատատեղերի ստեղծում։