Մշակվում է ՀՀ եւ ԻԻՀ միջև դատապարտյալների փոխանակման նախագիծ

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին:

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, դեսպանն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում և նախարարություն կատարած հրաժեշտի այցի ընթացքում շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին արդունավետ համագործակցության համար՝ հույս հայտնելով նաև, որ այն հետագայում էլ ավելի կընդլայնվի:

Հրայր Թովմասյանը նշել է, որ չնայած երկու երկրների իրավական համակարգերը տարբեր են, այնուամենայնիվ համագործակցության հնարավորություններ կան, և առաջնահերթ խնդիրներից մեկն էլ երկու երկրների միջև կնքվելիք համաձայնագիրն է դատապարտյալների փոխանակման վերաբերյալ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարի կամքի դրսևորմամբ Իրան են տեղափոխվում ՀՀ-ում դատապարտված ԻԻՀ-ի քաղաքացիները` իրենց հետագա պատիժը հայրենիքում կրելու պայմանով, սակայն համաձայնագրի ստորագրումից հետո գործընթացը ավելի դյուրին կդառնա, և կվերացվեն առկա իրավական խնդիրները:

Սեյեդ Ալի Սաղաիյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարին շուրջ 90 դատապարտյալների հայրենիք տեղափոխելու, ինչպես նաև ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին այցելության հնարավորություն ստեղծելու համար: Դեսպանը նաև հույս է հայտնել, որ առաջիկայում նախարարի ԻԻՀ կատարելիք այցի շրջանակներում  կստորագրվի դատապարտված անձանց փոխանցելու վերաբերյալ համաձայնագիրը, որն ի դեպ մշակման փուլում է:

Հրայր Թովմասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին  նախարարության նախաձեռնած «Գրքեր՝ դատապարտյալներին» ակցիային ակտիվ մասնակցության համար: