Ուրցաձորում կիրականացվի մեծ ծառատունկ

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը այսօր ներկայացրել են «Երկրի օր-2012» քարոզարշավի ծրագրերը և հիմնական միջոցառման՝ ծառատունկի մանրամասները:

Այս տարի նախատեսված մեծ ծառատունկը կիրականացվի Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում: Այստեղ է գտնվում «Խոսրովի անտառ» պետական արգելոցին կից բուֆերային գոտու այն հատվածը, որի պահպանությունը ստանձնել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը:

«Երկրի օր» քարոզարշավի շրջանակում այդ տարածքի ծառազուրկ հատվածում ապրիլի 22-ին նախատեսվում է իրականացնել անտառստեղծման աշխատանքներ:

«Բնապահպանական գործունեության մեջ կամավորական հիմունքներով ընկերությունների և անհատների մասնակցության խրախուսումը բնության հանդեպ խնամքով վերաբերմունք ձևավորելուն ուղղված առաջին քայլն է»,-նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Ասուլիսի ընթացքում ամփոփվել են նաև «Երկրի օր» քարոզարշավի շրջանակներում հայտարարված «Դիմավորենք թռչուններին» խորագրով 2-րդ` կենդանաբանական այգում ձմեռող և բնադրող թռչունների մասին պատմող հեքիաթների մրցույթի արդյունքները: Ռուբեն Խաչատրյանն ու Ռալֆ Յիրիկյանը երեք անվանակարգում հանրակրթական դպրոցի սաներին հանձնել են մրցանակներ:

Մեկնաբանել