Ներկայացվեցին սփյուռքահայ գրողների գրքերը

ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության համատեղ նախաձեռնությամբ այսօր Գրողների համահայկական VI համաժողովի շրջանակներում կայացավ սփյուռքահայ գրողների գրքերի շնորհանդես: Միջոցառմանը  ներկա էին ՀԳՄ  նախագահ Լևոն Անանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հրատարակչության տնօրեն Նաթան եպիսկոպոսը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, սփյուռքահայ գրողներ և այլք:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Հայրենիք-սփյուռք գործակցությամբ ստեղծված բարեկամությունը պետք է զարգանա, ամրանա և անպայման արդյունքներ տա»:  Նախարարը ներկայացրեց 2009-2011թթ. նախարարության, ՀՀ ԳԱԱ, ԵՊՀ և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ջանքերով հրատարակված գրքերը` կարևորելով  դրանք և գրողներին հորդորելով տեղերում հետազոտական խմբեր կազմել հայ համայնքների պատմությունը գրի առնելու համար: Նախարարը ներկա հեղինակներին հորդորեց նաև իրենց գրքերի էլեկտրոնային տարբերակներն ուղարկել սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանում տեղադրելու համար:

Ներկայացվեցին «Գրական տեղեկատու 2011», վիրահայ գրողների ստեղծագործությունների «Վերնատուն», «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ» ժողովածուները, «Արմեն Դարյան. Մատյան բանավոր խոսքի» գիրքը: