Խոհուն քնարականության պատկերագիրը

Այսպես կարելի է բնութագրել հայ ժամանակակից գեղանկարիչ Վիլիկ Զաքարյանին, որի ստեղծագործությունը բազմաթեմա է ու բազմաժանր։ Նկարչին հետաքրքրում են առասպելական-դիցաբանական սյուժեներից մինչև մեր օրերի հրատապ թեմաները: Դրանք հաճախ արտահայտվում են նկարաշարերով, որոնց մաս կազմող գործերը միավորվում են ոչ միայն արտաքին չափսերով ու կոմպոզիցիոն կառուցվածքով, այլև նույն թեմայի շարունակական արծարծումներով ու մեկնաբանություններով:

Դիտում ես Վիլիկի վրձնած կտավները և համոզվում, որ կոմպոզիցիայի ակնհայտ վարպետ է նա. գրավում է ծավալների ռիթմը, լուսային խաղը, սովորական ներկի՝ գեղանկարչական գույն դառնալու մոգական ընթացքը: Հատկապես տպավորում են գծի ու գույնի փոխներթափանցման հետաքրքիր զուգորդումները, դրանց ձույլ միասնությունը և ընդհանուր կատարման բարձր կուլտուրան: Նրա գիծն իմաստակիր է ու ընդհանրացված: Երբեմն այն ոչ թե նախորդում, այլ հաջորդում է գույնին՝ ասես ծնվելով վերջինից և ազատ ճախրանքով ու քմահաճ պտույտներով պարագծելով նկարի ողջ մակերեսը:

Հատկանշական է նաև այն ներքին խաղաղությունը, որ կա Վիլիկի գրեթե բոլոր ստեղծագործություններում: Ինչ էլ պատկերի՝ բնության թե մարդկային առօրյայի ինչ-որ տեսարան, հեղինակը ներդաշնակություն է որոնում և տեսնում այն ամենուրեք՝ նույնիսկ առաջին հայացքից քաոսային թվացող իրավիճակներում: Ներդաշնակությունն արդեն իր հոգում է, իր ներաշխարհում:

Վիլիկի երկարավիզ ու հերարձակ հերոսուհիները, որպես կանոն, չունեն հստակ արտահայտված դիմագծեր: Ունեն, սակայն, արտահայտիչ հայացք, խոր քնարականություն և տրամադրություն հաղորդող ներքին ուժ։ Նրանց ներհատուկ հույզը միշտ գիրկընդխառն է մտքի ու գաղափարի հետ: Նկարչի «Ժամանակ»-ը, «Եվաներ»-ը, «Մոդել»-ը ու մի շարք այլ աշխատանքներ ասվածի վկայություններն են:

Ընդհանրացումների ձգտող նկարիչը հաճախ է օգտագործում զանազան սիմվոլներ և երկրաչափական մարմինների գծապատկերներ՝ մեխեր, եռանկյունիներ, հատակագծեր, սլաքներ և այլն: Համադրելով առաջին հայացքից անհամադրելի թվացող առարկաներ և դիմելով պայմանական այլ միջոցների՝ նա այլաբանական պատկերներ է վրձնում՝ յուրաքանչյուր առարկայի մեջ խտացնելով ինչ-որ իմաստ: Հետաքրքիրն այն է, որ խախտված համամասնությունները ոչ միայն դիսոնանս չեն առաջացնում, այլև հնչում են ներդաշնակ՝ ստեղծելով ակնահաճո ու առինքնող մի միջավայր, գեղարվեստորեն հագեցած տարածություն: Ընդ որում՝ վերջինս գրեթե միշտ «ընդմիջվում» է շախմատային տախտակ հիշեցնող քառակուսիների պատկերումներով:

-Իսկ ինչո՞ւ շախմատ, շա՞տ եք սիրում այս խաղը։

-Իմաստուն այդ խաղն ինձ համար չարի ու բարու, լավի ու վատի և, ընդհանրապես, կյանքի հակադրությունների հավերժական պայքարի խորհրդանիշ է:
Մի քանի օր առաջ Հայաստանի Նկարչի տան ցուցասրահում բացվեց Երևանի Գեղարվեստի ակադեմիայում դասավանդող նկարիչների ու քանդակագործների ցուցահանդեսը, որտեղ իր նոր աշխատանքն էր ներկայացրել նաև Վիլիկ Զաքարյանը: «Երազանք» կոչվող նոր կտավն առանձնանում էր նախևառաջ գունային փոփոխությամբ: Բանն այն է, որ ժամանակի ընթացքում փոխվել է արվեստագետի երփնագիրը՝ դարչնագույնի ու շագանակագույնի նրբերանգներից անցնելով արծաթավունին: Այժմ էլ գերակշռում են վառ գույները՝ դեղինն ու կարմիրը, որոնց նախկինում չէիր հանդիպի։ Ինչո՞վ է պայմանավորված նման փոփոխությունը հարցիս, արվեստագետը պատասխանեց. «Մարդ երբեք չի մնում նույն կետի վրա: Կյանքը փոխվում է, ուստի փոխվում է նաև վերաբերմունքը կյանքի նկատմամբ»:

Իհարկե, երբեմն դժվար է լինում որոշել Վիլիկի այս կամ այն գործի պատկանելությունը վերացապաշտ կամ մեկ այլ գեղարվեստական ուղղության: Նրա ստեղծագործություններն առանձնանում են մոտեցումների բազմազանությամբ: Առաջին հայացքից աբստրակտ թվացող որևէ նկարում ուշադիր հայացքի դեպքում հանկարծ կհայտնաբերես կնոջ մարմնի տարրալուծված պատկեր կամ մեկ այլ առարկա: Այս կերպ նկարիչը, ասես միտումնավոր, խառնում է տարբեր «իզմ»-երի սահմանները՝ հաստատելու համար պարզապես լավ նկարչության գաղափարը:

Վիլիկ Զաքարյանը վաղուց ի վեր իր «աշխարհն» ու ոճը գտած նկարիչ է: Այդուհանդերձ նա շարունակում է որոնել և գտնել նոր արտահայտչաձևեր ու միջոցներ: Նրա համար Աստծո պարգևած յուրաքանչյուր օր լավագույն առիթ է՝ կերտելու արվեստի նորանոր ստեղծագործություններ: Դրանք կարծես գալիս են հաստատելու այն ճշմարտությունը, թե կյանքը գեղեցիկ ապրելու համար երբեմն ինքդ պիտի այն գեղեցկացնես, ինչն էլ իր ստեղծագործությամբ անում է Վիլիկ Զաքարյանը՝ գեղեցկացնելով ոչ միայն իր, այլև իր արվեստի բազում երկրպագուների կյանքը:

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Մեկնաբանել