Իռլանդացի լրագրողը հետաքրքրված է ՀՀ-ով եւ ԼՂՀ-ով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր`ապրիլի 20-ին, ընդունել է իռլանդացի լրագրող Դանիել Մաքլասլինին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը,

գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ իռլանդացի լրագրողի ցուցաբերած հետաքրքրության համար`  Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումներն ու ժողովրդի հետ անմիջական շփումները օբյեկտիվ պատկերացում կտան լրագրողին ու կբացառեն կողմնակալության որեւէ դրսեւորում:

Դանիել Մաքլասլինը ԱԺ փոխնախագահին  տեղեկացրել է, որ անցած երկու օրվա ընթացքում եղել է Լեռնային Ղարաբաղում, որոշակի պատկերացում կազմել հիմնախնդրի վերաբերյալ: Նա խնդրել է ԱԺ փոխնախագահին իր գնահատականները  ներկայացնել ԼՂ հակամարտության վերաբերյալ. այն է` կայուն է արդյոք իրավիճակը, թե դեռեւս պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ կա:

Շարմազանովը կարեւորել է, որ իռլանդացի լրագրողը անձամբ է եղել Լեռնային Ղարաբաղում եւ  ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին: Նրա խոսքով` Արցախում ժողովուրդն ինքնորոշվել է, կառուցում է ժողովրդավարական հանրապետություն եւ  ԼՂ-ի անկախությունն այլընտրանք չունի: Մի քանի ամիս հետո Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ, եւ եթե հարգարժան հյուրը հնարավորություն ունենա ներկա գտնվելու, կտեսնի ժողովրդավարական ընտրություններ` ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ գործում է իշխանությունը ժառանգաբար փոխանցելու` քաղաքակիրթ աշխարհում վաղուց մերժված սկզբունքը:

Անդրադառնալով ԼՂ-ի հետ կապված տարածաշրջանային անվտանգության խնդրին` Շարմազանովը հայտնել է, որ Հայաստանը եւ Ղարաբաղը պատերազմ չեն ուզում: «Մեր տեսակետը այս հարցում համահունչ է միջազգային հանրության, մասնավորապես` Մինսկի խմբում համանախագահող երկրների կարծիքին: Մենք  բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, սակայն Ադրբեջանը շարունակում է սպառազինության մրցավազքը, իսկ այդ երկրի նախագահը ռասիզմ ու ատելություն է քարոզում իր ժողովրդին: Նման պարագայում պատերազմի վտանգը միշտ էլ կա: Բայց Հայաստանում ու Արցախում համոզված են, որ եթե Ադրբեջանի նախագահը դիմի ռազմական գործողությունների, նա էլ կարժանանա նույն ճակատագրին, ինչ նրա նախորդ նախագահները, – ասել է ԱԺ փոխնախագահը: – Ադրբեջանի նավթը մի օր կսպառվի, բայց Արցախի ժողովրդի` սեփական երկիր կառուցելու  հավատն անսպառ է»: Անդրադառնալով հարցի իրավական կարգավորման խնդրին` Շարմազանովը նշել է, որ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը միջազգայնորեն ընդունված է, եւ Լեռնային Ղարաբաղն էլ, թե ՄԱԿ-ի եւ թե նախկին Խորհրդային Միության օրենսդրության համաձայն, ինքնորոշվել է, ինչպես շատ հանրապետություններ:

Իռլանդացի լրագրողի  հարցին, թե ինչպես է ԱԺ փոխնախագահը գնահատում Ադրբեջանի ղեկավարության այն միտքը, թե Բաքվում <<Եվրատեսիլին>> հայերի չմասնակցելն արդեն խոսում է զիջումներին Հայաստանի պատրաստ չլինելու մասին, Շարմազանովը նկատել է. «Նախ` Հայաստանն ու Ադրբեջանը չեն կոնֆլիկտի կողմերը, այլ Ղարաբաղն ու Ադրբեջանը: Մյուս կողմից` հայկական կողմը միակողմանի զիջումների չի գնալու. խնդիրը պետք է լուծվի բանական փոխզիջումների արդյունքում: Մենք պնդում ենք, որ Արցախի անկախությանն այլընտրանք չպետք է լինի, Արցախին անվտանգության միջազգային երաշխիքներ պետք է տրվեն, եւ Արցախը Հայաստանի հետ պետք է ունենա ցամաքային ընդհանուր սահման: Ինչ վերաբերում է <<Եվրատեսիլին>> ու Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, կարծում եմ, որ Ալիեւը պետք է իմանա, որ երբեմն պետք է լռել եւ ոչ թե խոսել` հակասելով ինքն իրեն: Եթե Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդին թշնամի է համարում, ինչպես կարող է այդ ժողովուրդը մասնակցել  միջոցառման մի երկրում, որտեղ հայերիս թշնամաբար պետք է ընդունեին»:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ վերջերս հայ խորհրդարանական պատվիրակությունը Բաքվում մասնակցել է Եվրանեսթի նիստին, որտեղ Ալիեւը ցույց է տվել իր իրական դեմքը: Նա իր ելույթում, որտեղ, միջոցառման բնույթով պայմանավորված, չպետք է խոսք լիներ ՀՀ-ի կամ ԼՂՀ-ի մասին, հայերին «ֆաշիստ» է անվանել: «Ի՞նչ եք կարծում, պատրա՞ստ է արդյոք այդ մարդը բանակցությունների»,- հարցրել է Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողի խնդրանքով ԱԺ փոխնախագահը անդրադարձել է նաեւ Հայաստանում ոչ ժողովրդավարական դրսեւորումների մասին մամուլի հրապարակումներին` արձանագրելով, որ գնահատելի են բոլոր քննադատական ելույթները, որոնք օգնում են Հայաստանին` դառնալու ավելի ժողովրդավարական: Նա նշել է, որ Հայաստանն իր ընտրությունը կատարել է, որի մասին է խոսում նաեւ ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն միտքը, թե Հայաստանում ժողովրդավարական արժեքներին այլընտրանք չկան: ԱԺ փոխնախագահը հյուրին ծանոթացրել է անցած հինգ տարիներին հանրապետությունում կատարված բարեփոխումներին, մամուլի ազատությանն ուղղված առաջընթաց քայլերին, եվրոպական կառույցներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, իշխանությունների` առաջիկա խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու վճռականությանը, բոլոր քաղաքական ուժերի քարոզարշավի համար հավասար պայմաններ ստեղծելուն եւ  հանդուրժողականության ու բազմակարծության մթնոլորտին: «Մենք սա անում ենք ոչ թե Եվրոպային դուր գալու համար, այլ գիտակցում ենք, որ մեր երկրի զարգացման լավագույն ուղին ժողովրդավարությունն ու ազատությունն են, մեր ժողովրդի հավատն ու վստահությունը գալիքի հանդեպ»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմական ու տնտեսական ազդեցության մեծացման վերաբերյալ իռլանդացի լրագրողի հարցին` Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ Հայաստանն անկախ երկիր է եւ իրականացնում է բազմավեկտոր քաղաքականություն` կարեւորելով եւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի, եւ հարեւանների հետ հարաբերությունները: Նրա խոսքով` Հայաստանն արտաքին քաղաքականություն է կառուցում ոչ թե «կամ, կամ», այլ «եւ, եւ» սկզբունքով: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, եւ մեր երկրի անվտանգության համակարգը կապված է ՀԱՊԿ-ի հետ, բայց Հայաստանը լուրջ ծրագրեր է իրականացնում նաեւ ՆԱՏՕ-ի հետ, անվտանգության ուժերի կազմում մասնակցում տարբեր երկրներում իրականացվող խաղաղարար գործողություններին:  Շարմազանովի գնահատմամբ` այս հարցի հետ կապված սպառիչ պատասխան է տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռաշը թդեյ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Հայաստանը ռուսամե՞տ, թե՞ եվրոպամետ քաղաքականություն է վարում, ՀՀ նախագահը պատասխանել է. «Հայաստանը միմիայն հայամետ քաղաքականություն է վարում»:

Շարմազանովը պատասխանել է  նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին: Նա կարեւորել է  Իրանի խնդրի խաղաղ կարգավորումը` նկատելով, որ տարածաշրջանում ցանկացած ռազմական գործողություն սկիզբ կդնի բազում սպառնալիքների, այդ թվում` հումանիտար: