Մոսկվայում մեկնարկել է Զատկի փառատոնը

Երևանի պետական կամերային երգչախումբն այս տարի մասնակցում է  Մոսկվայի Զատկի փառատոնին: Ժամանակակից արվեստի մեծանուն դիրիժոր, Մարինյան թատրոնի նվագախմբի ղեկավար Վալերի Գերգիևի հրավերով ապրիլի 20-22-ը երգչախումբը` Հարություհն Թոփիկյանի ղեկավարությամբ,  հանդես կգա  Մոսկվայի Սուրբ Երրորդություն եկեղեցում, Հայ առաքելական եկեղեցու «Հայորդաց տուն» հոգևոր ու կրթական կենտրոնում, ինչպես նաև Ֆրյանովոյի  Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: 

Զատկի 11-րդ փառատոնը մեկնարկել է ապրիլի 15–ին: 25 օրերի ընթացքում կկայանան կամերային, սիմֆոնիկ, երգչախմբային և զանգակային երաժշտության 150 համերգ: Տարիների ընթացքում փառատոնը Ռուսաստանի մշակութային կյանքի խոշորագույն իրադարձություններից է դարձել: Լինելով միջազգային` փառատոնը հյուրախաղերով հանդես է գալիս ոչ միայն Ռուսաստանում, այլև ԱՊՀ երկրներում, ինչպես նաև երաժշտական կոլեկտիվներ հրավիրում այդ երկրներից:

Նախորդ տարիներին Զատիկի փառատոնին Հայաստանից մասնակցել են  թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և «Հովեր» կամերային երգչախումբը: