Երևանում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի հուշարձանը

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագծման բաց մրցույթ: 2008-ից հետո սա արդեն ազգային հերոսի հուշարձանի նախագծման 2-րդ մրցույթ է:

Դեռևս 1999 հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո` դեկտեմբերի 27-ին, ՀՀ նախագահը հրամանագիր էր ստորագրել ազգային հերոսի հուշարձանի տեղադրման մասին: Փաստորեն, դեռևս 13 տարի առաջ որոշվել է, որ հուշարձանը պետք է տեղակայվի Բյուզանդի, Արամի փողոցների և Մաշտոցի պողոտայի միջնամասում։

Երևանի քաղաքապետարանը 2008-ին անցկացրել է արձանի նախագծման մրցույթ, սակայն, ինչպես ՍիվիլՆեթ-ին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից, այդ ժամանակ ոչ մի նախագիծ հավանության չի արժանացել:

Հուշարձանի նախագծման մրցույթի հայտարարության մեջ նշվում է, որ կոթողի տեղադրման համար հատկացվող հողատարածքը չպետք է գերազանցի 30.0 քմ-ն և իր գեղարվեստական միջոցներով պետք է մարմնավորի պետական գործչի կերպարը: Մրցութային առաջարկները պետք է ներկայացվեն մինչև ապրիլի 26-ը:

Ընտրված լավագույն աշխատանքները կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝առաջին մրցանակը՝ 400 000 դրամ է, երկրորդը՝ 200 000, երրորդը՝ 100 000:

Մեկնաբանել