ԱՊՊԱ հատուցումները մարտին նվազել են

Ըստ ԱՊՊԱ սակագնի հիմքում դրված հաշվարկի՝ ապահովագրական ընկերությունները հավաքագրված յուրաքանչյուր 100 դրամ ապահովագրավճարից 78 դրամը պետք է ուղղեն հատուցման։ Այս տարվա առաջին եռամսյակում ապահովագրական ընկերությունները յուրաքանչյուր Դ100-ից հատուցման են ուղղել Դ76,3-ը։ Համեմատության համար նշենք, որ հունվար-փետրվարին ԱՊՊԱ վնասաբերությունը կազմել է 70%։

Նշենք նաև, որ 2012թ. առաջին եռամսյակում առկա է եղել մոտ 334 հազ. ԱՊՊԱ պայմանագիր, ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների ծավալը կազմել է Դ8,46 մլրդ։ Առաջին եռամսյակում ապահովագրական ընկերությունները բավարարել են փոխհատուցման 11 հազ. դիմում՝ ընդհանուր առմամբ վճարելով մոտ Դ2,2 մլրդ։

Ուշագրավ է, որ եթե ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին հատուցման միջին գումարը կազմել է Դ212 հազ., ապա առաջին եռամսյակում ցուցանիշը եղել է Դ191 հազ.։ Հատուցմանն ուղղվող գումարների միջին ցուցանիշի նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարտին ապահովագրական ընկերությունները «առատաձեռն» չեն եղել։ Նրանք բավարարել են մոտ 4,6 հազ. դիմում՝ վճարելով Դ828 մլն, կամ մեկ ԱՊՊԱ պայմանագրի գծով միջինում Դ180 հազ.։

Մարտին հատուցման միջին գումարի կրճատումը ավելի շատ «սուբյեկտիվ» գործոնի արդյունք է։ Մարտին եղանակային պայմանները այդքան էլ բարենպաստ չէին։ Վերջին այս հանգամանքի մասին է վկայում նաև այն, որ հատուցման դիմումների քանակը գրեթե նույնքան է եղել, որքան տարվա առաջին երկու ամիսներին միասին վերցված (բավարարվել էր 6,4 հազ. պայմանագիր)։ Այս պայմաններում ապահովագրական ընկերությունների մոտ հատուցման միջին ցուցանիշը մարտին ոչ թե պետք է նվազեր, այլ առնվազն մնար նույնը։ Սակայն հաշվի առնելով այն, որ վերջին այս դեպքում ընկերությունները դուրս կգային վնասաբերության շեմից, նրանք պարզապես որոշել են նվազեցնել վճարման ենթակա ապահովագրական հատուցման չափը։

Մյուս կողմից՝ առաջիկա ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կզիջի առաջին եռամսյակի միջին ցուցանիշին, ինչը ենթադրում է հատուցման ուղղվող գումարների ծավալների նվազում։ Եթե առաջին եռամսյակում ապահովագրական ընկերությունների վնասաբերությունը նույնիսկ գերազանցեր 78%-ը, այն հաջորդող ամիսներին նվազման միտում կունենար և ընկերությունների մոտ տարեկան վնասաբերության ցուցանիշը կպահպանվեր սահմանվող մակարդակում։ Այսուհանդերձ, ընկերությունները նախընտրել են մարտին կրճատել մեկ պատահարի գծով ապահովագրական հատուցման չափը։