Ամփոփվել են 2011թ. աշնանային զորակոչի արդյունքները

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր`ապրիլի 20-ին, տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2011թ. աշնանային զորակոչի արդյունքները, խնդիրներ են առաջադրվել 2012թ. գարնանային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման համար: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, զորակոչային հանձնաժողովի նիստը վարել է նախարար Սեյրան Օհանյանը: Նա, կարևորելով զինված ուժերի համալրման գործընթացը, ընդգծել է, որ վերջին տարիներին զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ գործընթացի իրականացումն առավել բարձր հիմքերի վրա է դրվել:

2011թ. աշնանային զորակոչի արդյունքների և 2012թ. գարնանային զորակոչի խնդիրների մասին զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Նիստում ներկայացվել են աշնանային զորակոչի ընթացքում Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի և հանրապետական հավաքակայանի բուժհանձնաժողովի աշխատանքների արդյունքները: Զորակոչային հանձնաժողովի անդամները քննարկել են նաև զորակոչիկների կցագրմանը և հաշվառմանը, բուժզննմանը, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառմանը, նաև զորակոչի անցկացման հետ կապված այլ թեմաներին առնչվող հարցեր:

Նիստի ավարտին շնորհակալություն հայտնելով ներկաներին կատարված համատեղ աշխատանքի համար` ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ զորակոչի անցկացման համար պատասխանատու բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները կիրականացվեն առավել արդյունավետ և բարձր մակարդակով: 

2011թ. աշնանային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունենալու համար զինկոմիսարիատների, իրավապահ մարմինների, բուժհանձնաժողովների և այլ կառույցների մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով: