McDonald’s-ի զուտ շահույթն ավելացել է 5%-ով

Միաժամանակ՝ հասույթն աճել է 7%-ով՝ մինչև $6,546 մլրդ՝ այդպիսով արդարացնելով շուկայի կանխատեսումները։ Մեկ բաժնետոմսի հաշվով շահույթը կազմել է $1,23։

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա կանխատեսումներին, ապա փորձագետներն ակնկալում են $5,71 շահույթ՝ մեկ բաժնետոմսի հաշվով։ Տարեկան հասույթն ակնկալվում է $28,43 մլրդ-ի մակարդակում։

Հատկանշական է, որ McDonald’s-ի զուտ շահույթն աճում է չորս եռամսյակ շարունակ։

Վերջին շրջանում շուկայի ուշադրության կենտրոնում McDonald’s-ի ոչ միայն ֆինանսական ցուցանիշներն էին, այլև ընկերության կողմից կատարվող թանկացումները։ Այլ ռեստորանների նման McDonald’s-ը ևս հարկադրված է եղել համակերպվել որոշ ապրանքատեսակների թանկացման հետ և անցած տարվա ընթացքում երկու անգամ բարձրացրել է գները։ Ամեն դեպքում, ընկերությունը փորձում է չկորցնել հաճախորդներին։

Փորձագետների կարծիքով՝ McDonald’s-ը, ընդհանուր առմամբ, հաջողությամբ հաղթահարել է ճգնաժամը. 2009թ.հունիսից ի վեր՝ ընկերության հասույթն ավելացել է մոտ 19%-ով։

1955թ. հիմնված McDonald’s-ն աշխարհի 119 երկրներում արագ սպասարկման ավելի քան 32 հազ. ռեստորան ունի, որոնք օրական սպասարկում են շուրջ 64 մլն հաճախորդի։ Ընկերության բաժնետոմսերի 99,9%-ը շրջանառվում է բորսայում: