Էպոսյան թեմայով նմուշները կցուցադրվեն միասին

«ArmBookExpo» ցուցահանդեսի օրերին առանձնակի մատուցմամբ Գաֆեսճյան թանգարանի «Արծիվ» սրահում կներկայացվեն «Սասնա ծռեր. Սասունցի Դավիթ» էպոսի թեմայով ստեղծագործություննրն ու հրատարակությունները: Միասնաբար կցուցադրվեն տարբեր թանգարաններում պահվող էպոսյան թեմայով մշակութային արժեքները` հնարավորություն ընձեռելով այցելուին ամբողջության մեջ տեսնելու հայ վիպերգության գլուխգործոց էպոսը արվեստի տարբեր ճյուղերում:

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսն իր մեջ ներառում է ազգային մշակույթի գրեթե բոլոր բնագավառները: Լինելով բանահյուսական առանձին ժանր` իր մեջ ամփոփում է ժողովրդական բանահյուսության գրեթե բոլոր ժանրերը, ասացվածքները, օրհնանքներն ու անեծքները, սգերգերը, սիրերգերը, առնչվում է ժողովրդական երաժշտարվեստի, պարարվեստի, արհեստների, պատմության, կենցաղի, բնության և տիեզերքի մասին պատկերացումների, ընտանեկան ու հասարակական հարաբերությունների, ազգային մտածելակերպի, վարքի կանոնների հետ: Էպոսն ունի աղբյուրագիտական նշանակություն լեզվագիտության` լեզվի, բարբառների ու խոսվածքների ծագման ու զարգացման, պատմագիտության, ազգագրության, հասարակագիտության, դիվանագիտության, բնակավայրերի ստեղծման և տեղանունների ստուգաբանման համար: Այն պարունակում է ազգային խորհրդանշանների մի ամբողջ համակարգ, հետևաբար պատասխան ունի ժողովրդական արհեստներում և դեկորատիվ կիրառական արվեստում կիրառվող բազմաթիվ խորհրդանշանների ու զարդանախշերի իմաստային նշանակության վերաբերյալ:

Էպոսը ներշնչման աղբյուր է ժամանակակից արվեստի բոլոր բնագավառների համար: Չկա արվեստի մի ուղղություն, որով ստեղծված չլինեն էպոսի թեմայով ստեղծագործություններ:

Կերպարվեստում առավել հայտնի ստեղծագործություններից են Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանը (Երևանի երկաթուղային կայարանի հրապարակ), Վարազ Սամվելյանի «Սասունցի Դավիթ» արձանը (ԱՄՆ, Ֆրեզնո) Արտաշես Հովսեփյանի բարձրաքանդակները (Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարան), Էդվարդ Իսաբեկյանի էպոսյան նկարաշարերը, «Սասնա ծռեր» էպոսի հրատարակությունների պատկերազարդումները` Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված գրաֆիկական շարքը, Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթ» բազմամաս ու բազմաֆիգուր գրաֆիկական ստեղծագործությունը, Գրիգոր Խանջյանի Ավետիք Իսահակյանի «Սասմա Մհեր» պոեմի նկարազարդումները, Կարեն Սմբատյանի էպոսյան նկարազարդումները, Ռուբեն Շահվերդյանի «Սասունցի Դավիթ» գորգի էսքիզը և այլն:

Էպոսի թեման արտացոլվել ու այսօր էլ արդիական է պետական խորհրդանիշներում` հատկապես դրամների: Դրանց թվում է Սասունցի Դավթի հուշարձանի պատկերով ԽՍՀՄ հուշամետաղադրամը (1959 թ.), ՀՀ 10 դրամանոցը, «Սասունցի Դավիթ» արծաթե հուշադրամը:

Մանկական ստեղծագործություններում էպոսյան թեման տարածում գտավ 2004 թվականից: Ներկայում Մանկական գեղագիտական կենտրոնի պատկերասրահում են պահվում «Սասնա Ծռեր» խորագրով` բատիկա եղանակով խեցեգործական, գեղանկարչական և այլ մանկական ստեղծագործություններ:

Գրականության ոսկե գանձարանում են Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը», Ավետիք Իսահակյանի «Սասմա Մհերը», Նաիրի Զարյանի և Եղիշե Չարենցի «Սասուցի Դավիթը» էպոսյան մշակումները:

Դրամատիկական արվեստում առավել հայտնի է Արշավիր Ղազարյանի «Սասնա Մհեր» դրաման:

Երաժշտարվեստում մեծ ճանաչում են ձեռք բերել գուսան Շահենի «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը, Գևորգ Բուդաղյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան, Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքը:

Կինոարվեստում էպոսին անդրադարձել են ռեժիսոր Գրիգոր Գյարդուշյանը իր «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմով, Արման Մանարյանը` «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմով:

Գրահրատարակչության մեջ թեման մշտապես արդիական է: «Սասնա ծռեր. Սասունցի Դավիթ». էպոսը հրատարակվել է ոչ միայն հայերեն, այլև աշխարհի տասնյակ լեզուներով:

Կատարողական արվեստում այն հնչել է հայ անվանի վարպետներ Հայրիկ Մուրադյանի, Ժան Էլոյանի, Սուրեն Քոչարյանի, ներկայում` Անդրանիկ Հարությունյանի, Կարին ավանդական երգի-պարի անսամբլի մենակատար Արտյոմ Ղարիբյանի և այլոց կատարմամբ:

Մեկնաբանել