Ադրբեջանում սպանելու աստիճան ծեծել են «Զերկալո»-ի թղթակցին

Սուլուտեպում «Զերկալո» թերթի թղթակից Աբասովին ապրիլի 19-ին ծեծել են, երբ նա փորձել է սմարթֆոնով նկարահանել, թե ինչպես են նավթային հսկայի աշխատակիցները ծեծում իշխանության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին: «Այնտեղ մի երիտասարդ կար` քարը ձեռքին. նա դրանով խփում էր մարդկանց, և ես սկսեցի նրան նկարահանել,- ասել է Աբասովը,- նրանք հարձակվեցին վրաս, խլեցին սմարթֆոնը… երևի մի-քսան հոգով գցեցին գետնին և սկսեցին ֆուտբոլի գնդակի նման… հարվածել ինչպես ստացվում էր: Հետո ուշքս գնաց»:

Լրագրողի եղբայրը պատմել է, որ ոստիկանությունը բժիշկներին մոտ չէր թողնում, և ինքը ստիպված է եղել անձնական մեքենայով եղբորը հիվանդանոց հասցնել: Ըստ բժիշկների` լրագրողի կյանքին վտանգ է սպառնում:

«Ազնավթ»-ը դատապարտել է Աբասովին ծեծելը, սակայն նշել է, որ ինքն է մեղավոր` «հրահրել է բռնությունը»:

Այս տարվա մարտին Աբասովին Guardian-ը մրցանակ էր շնորհել` հայրենի Սուլուտեպի բնակիչների իրավունքների խնդիրները բարձրաձայնելու համար. Այնտեղ իշխանությունը մտադիր է քանդել մի քանի հարյուր տուն`համարելով դրանք անօրինակ կառույցներ:

Մեկնաբանել