Գյուղտեխնիկան չի նվիրվում. ԲՀԿ

«Հաշվի առնելով այս օրերին մամուլի տարբեր միջոցներով, ինչպես նաև որոշ քաղաքական ուժերի կողմից շահարկվող թեման, թե իբր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը զբաղված է բարեգործությամբ և հանրապետության մարզերին գյուղտեխնիկա է նվիրում, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբը հարկ է համարում հանդես գալ հետևյալ պարզաբանմամբ:

Հաշվի առնելով Հայաստանի գյուղացիական տնտեսություններում մեքենատրակտորային կայանների ստեղծման անհրաժեշտությունը՝ ՉինՎան ՍՊԸ-ի և Մուլտի Գրուպ կոնցեռնի կողմից 2011 թվականի հունվարից սկսել է իրականացվել մեքենատրակտորային պարկեր ստեղծելու համատեղ բիզնես ծրագիրը: Սույն ծրագրի կառավարումն իրականացվում է ՉինՎան ՍՊԸ-ի կողմից, որը ղեկավարում է ՉինՎան ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սամվել Նաջարյանը:

Աշխատաքները սկսվել են 2011 թվականի հունվարից եւ նպատակն է հանրապետության բոլոր մարզերում ստեղծել միջհամայնքային մեքենատրակտորային կայաններ: Հաշվի առնելով տեղանքի գոտիականությունը (հարթավայրային, նախալեռնային, լեռնային), և մշակութաբույսերի բազմազանությունը՝ կայանները համալրվում են տվյալ գոտուն անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

Հանրապետության մարզերում ստեղծվող մեքենատրակտորային կայանները հանդիսանում են ՉինՎան ՍՊԸ-ի մասնաճյուղերը: Վերոնշյալ կայանների կողմից իրականացվող ծառայությունները վճարովի են՝ համապատասխան սակագներով:

Ոչ մի տրակտոր, գյուղտեխնիկա որևէ անձի, համայնքի, գյուղի կամ մարզի չի նվիրվում:

Եւս մեկ անգամ հարկ ենք համարում շեշտել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որեւէ բարեգործական ծրագիր չի իրականացրել եւ չի իրականացնում: Հույս ունենք, որ սույն պարզաբանումը կբավարարի այս խնդիրը շահարկողներին եւ վերջիններս այսուհետ ձեռնպահ կմնան փաստերի ակնհայտ խեղաթյուրումից»,- նշվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել