Թատրոնը տոնում է Ալեքսանդր Գրիգորյանի տարեդարձը

Հայ գրատպության 500-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակմանը նվիրված տոնական հանդիսությունների օրերին կնշվի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Պետական մրցանակների դափնեկիր, Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Ստանիսլավսկու, նաև Սմակտունովսկու անվան միջազգային մրցանակների դափբնեկիր, Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանի ծննդյան 75 և ստեղծագործական գործունեության 55-ամյա հոբելյանները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:

Այսօր Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում, որտեղ 47 տարի անընդմեջ ստեղծագործում է վաստակաշատ արվեստագետը`  տեղի կունենա նրա հոբելյանական երեկոն:

Ալեքսանդր Գրիգորյանը ծնվել է 1936 թ.: 26 տարեկանում դարձել է Սմոլենսկի թատրոնի գլխավոր ռեժիսոր, իսկ 28-ում հրավիրվել է Կ. Ստանիսլավսկու անվան Երևանի ռուսական դրամատիկական թատրոն` որպես գլխավոր ռեժիսոր:

Նրա անվան հետ է կապված Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի բեմում լավագույն ներկայացումների` Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես», Ն. Գոգոլի «Ռևիզոր», Սուխովո-Կաբիլինի «Տարելկինի մահը», Շեքսպիրի «Մակբեթ» և այլ բեմադրությունները, որոնք մեծ համբավ են բերել թատրոնին:  Ն. Անկիլովի «Զինվորի այրին» ներկայացման համար Ա. Գրիգորյանն արժանացել է  Հայաստանի պետական պարգևի: Ներկայացումներից շատերը, որոնք բեմադրվել են ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Յարոսլավլի, Վոլգոգրադի, Կալինինգրադի, Օդեսայի, Լվովի, Քիշնևի, ինչպես նաև Բուլղարիայի, Ռումինիայի, Հարավսլավիայի, Սլովակիայի, Հունգարիայի և Լեհաստանի բեմերում`  արժանացել են բարձր մրցանակների և պարգևների:

2004 թ. Մոսկվայի  Չեխովի անվան  գեղարվեստի թատրոնում Ա. Գրիգորյանը բեմադրել է Ռ. Կալինովսկու «Լուսնային հրեշ» ներկայացումը, որն ընդգրկվել է թատրոնի հիմնական խաղացանկում և ներկայացվում է մինչ օրս:

Ա. Գրիգորյանի շնորհիվ թատրոնում շուրջ 25 տարի գործում է դերասանի ստուդիան, որի ուսանողները համալրում են ոչ միայն երևանյան` այլև մոսկովյան թատերական բեմերը: Նրա նախաձեռնությամբ Երևանի թատերական ինստիտուտում բացվել է դերասանի վարպետության ռուսալեզու լսարան: 2005 թ. Գրիգորյանի բեմադրած «Հոգեհանգստի աղոթք» և «Կտրտված շղթա» ներկայացումները մեծ հաջողությամբ ցուցադրվել են Մոսկվայում, Կալուգայում, Վլադիմիրում և Տուլայում:

2007 թ. Ա. Ս. Գրիգորյանը ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանագրով պարգևատրվել է Բարեկամության պատվո շքանշանով: