G20-ը ԱՄՀ-ի միջոցները կհամալրի $430 մլրդ-ով

Ճգնաժամային իրադրությունների կարգավորման և կանխման նպատակով G20-ը կավելացնի ԱՄՀ-ի ռեսուրսների ծավալը, ասված է Վաշինգտոնում Քսանյակի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի նախագահների հանդիպման ավարտին ընդունված համատեղ հայտարարությունում։

Եթե ռիսկերի մեղմացման նպատակով պահանջվի գործի դնել հիմնադրամի ռեսուրսները, ապա որոշումը կընդունի ԱՄՀ-ի խորհուրդը։ Այս աշխատանքը՝ վերջին ամիսների ազգային և տարածաշրջանային կառույցների դրամավարկային և հարկաբյուջետային գործողություններին զուգահեռ, վկայում է միջազգային հանրության լրջագույն ջանքերի մասին՝ ուղղված գլոբալ ֆինանսական կայունության և համաշխարհային տնտեսության վերականգնմանը։

Ըստ փաստաթղթի՝ վերջին իրադարձությունները վկայում են համաշխարհային տնտեսության վերականգնման համեստ տեմպերի մասին՝ հիմնականում քաղաքական զգալի ջանքերի շնորհիվ։ Միաժամանակ՝ դեռ ոչ վաղ անցյալում գլոբալ տնտեսության առաջ ծառացած ռիսկերը սկսել են աստիճանաբար զիջել իրենց դիրքերը։

Ըստ G20-ի՝ միջնաժամկետ հեռանկարում գլոբալ տնտեսության աճի վրա կշարունակեն զգալի ազդեցություն գործել մասնավոր և պետական պարտքի զգալի բարձր մակարդակը, կառուցվածքային բարեփոխումների անբավարարությունը, համաշխարհային չվերականգնված տնտեսությունը և գործազրկության բարձր մակարդակը։

G20-ը կողմ է արտահայտվել նաև ԱՄՀ-ի վերահսկողական լիազորությունների ընդլայնմանը, ինչպես նաև վերահաստատել է մտադրությունը՝ ավարտին հասցնելու ԱՄՀ-ի քվոտաների բարեփոխման մասին որոշմումը մինչև հիմնադրամի հերթական տարեկան հավաքը։

Մեկնաբանել