Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման ապրիլի 22-ին այցելել են Արարատ քաղաք՝ ծանոթանալու թափոնների հավաքման և վերամշակման ԱՄՆ ՄԶԳ-ՄԱԶԾ համատեղ ծրագրի գործունեությանը, որի շրջանակներում վերջերս քաղաքում պլաստիկ թափոնների 60 աղբաման են տեղադրվել: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից:
Պլաստիկ թափոնների հավաքման և վերաօգտագործման (ՊԹՀՎ) ԱՄՆ ՄԶԳ-ն և ՄԱԶԾ համատեղ նախաձեռնությունը մեկնարկել է 2011թ. Մարտին: Ծրագրի նպատակն էր բարելավել խմելու ջրի աղբյուրների որակը Հայաստանում՝ խթանելով պլաստիկ տարաների հավաքումը և վերամշակումը, ինչպես նաև գրավիչ պայմաններ ստեղծել Հայաստանի մասնավոր հատվածի համար ներդրումներ կատարելու պլաստիկ թափոնների բարձր մակարդակով վերամշակման ոլորտում:
Մինչ 2011թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը, Վանաձոր, Հրազդան, Ալավերդի, Սևան, Ծաղկաձոր, Արարատ, Չարենցավան և Դիլիջան քաղաքներում տեղադրվել է 600 հատուկ աղբաման և դրանց տեղադրումից հետո արդեն իսկ հավաքվել և վերամշակման է ուղարկվել պոլիէթիլեն տերեֆտալատ (ՊԷՏ) պարունակող շուրջ 30 տոննա թափոն: Նախատեսվում է, որ մինչև 2012թ. հունիս ծրագիրը հավելյալ 300 աղբաման կտեղադրի Արարատ, Արտաշատ, Աշտարակ, Էջմիածին և Արմավիր քաղաքներում:
Ծրագրի նախապատրաստական փուլի ընթացքում ՄԱԶԾ-ն թիրախային համայնքներին տրամադրեց հատուկ աղբամաններ ՊԷՏ թափոնների համար, հակավորման մեքենաներ և կոմպակտորներ` թափոնների հավաքման հենց առաջին փուլում ՊԷՏ շշերի եւ համապատասխան պլաստիկ արտադրանքի առանձնացման համար:
Իշխանությունների և համայնքների բնակչության կողմից հետաքրքրվածության և աջակցության արդյունքների հիման վրա՝ ծրագիրը պլանավորում է ընդլայնվել Հայաստանի այլ քաղաքներում, այդ թվում՝ Երևանում, որտեղ ամեն տարի դեռևս 3,000 տոննա ՊԷՏ թափոն է նետվում աղբանոց: