Nestle-ն $12 մլրդ-ով գնեց Pfizer Nutrition-ը

Սննդամթերքի համաշխարհային խոշոր արտադրող Nestle-ում ակնկալում են, որ գործարքը դրական կազդի ինչպես վաճառքների և բիզնեսի շահութաբերության ցուցանիշների, այնպես էլ գործարքի ավարտից մեկ տարի հետո մեկ բաժնետոմսի հաշվով շահութաբերության ցուցանիշի վրա։

Հատկանշական է, որ Pfizer Nutrition-ի վաճառքների 85%-ը բաժին է ընկնում զարգացող շուկաներին։ Այս ստորաբաժանումը տարբերվում է Pfizer-ի մյուս ակտիվներից, քանի որ աճի զգալի տեմպեր է արձանագրում, գրում է The New York Times-ը։ 2011թ. Pfizer Nutrition-ի հասույթը կազմել է $2,1 մլրդ։

Նշենք, որ ընկերության բիզնեսի վերակառուցման ծրագրի շրջանակում Pfizer-ն աճուրդի է հանել իր ստորաբաժանումներից մի քանիսը։ Ընկերությունը մտադիր է կենտրոնանալ նոր դեղամիջոցների մշակման բիզնեսի ուղղությամբ։

Pfizer-ն արդեն վաճառել է դեղամիջոցների համար կապսուլաների արտադրության ստորաբաժանումը $2,4 մլրդ-ով։ Բացի այդ՝ ընկերությունը մտադիր է վաճառել կենդանիների համար դեղամիջոցների արտադրությամբ զբաղվող ստորաբաժանումը։

Մեկնաբանել