Երևանը հռչակվեց «2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք»

Երևանը ապրիլի 22-ին հանդիսավորությամբ ճանաչվեց  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  «2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք»: 2011 -ի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին տիտղոսը հանձնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Իր ելույթում  Մարգարյանն ասաց. «Շուրջ 3-հազարամյա պատմություն և մշակութային մեծ ժառանգություն ունեցող մեր քաղաքն այսօր հպարտությամբ ու ոգևորությամբ է ստանձնում գրքի համաշխարհային մայրաքաղաքի պատվաբեր տիտղոսը:
Գիրն ու գրականությունը միշտ էլ կարևոր տեղ ու դեր են ունեցել մեր ժողովրդի համար: Նաև դրա շնորհիվ է, որ դարերի ընթացքում կարողացել ենք դիմագրավել ճակատագրի բազմաթիվ փորձություններին»:

«Երևան`գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսի ճանաչման առթիվ մայրաքաղաքում անցկացվեցին մի շարք ցուցահանդեսներ, թատերական բացօթյա բեմադրություններ, աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին հանդես եկավ մենահամերգով: Մաշտոցի պողոտայում հավաքվեց աշխարհի գործող19 այբուբենների տառերից ստեղծված «Ամրագրիր քո ապագան» մետաղական քանդակը:

Հանդիսավոր արարողությանը հաջորդեց շքեղ հրավառություն: